ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը մեծ վերապահումներ ունի Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների քրեական գործի վարույթն իրականացրած ՀՔԾ քննիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ: Այս մասին Կարապետյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Գևորգյանը հետաքննել է օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանների միջև գրանցված միջադեպը, որի հետևանքով մինչ այժմ անազատության մեջ է գտնվում Տիգրան Առաքելյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
«Հենց Գևորգյանն էր քննում 2010 թ. հունվարի 10-ին աննախադեպ խախտումներով, ծեծուջարդով անցկացված ԱԺ 10/19 մեծամասնական ընտրատարածքի ընտրությունների կապակցությամբ հարուցված քրեական գործը: Այդ տեղամասի հանձնաժողովի նախագահ, Կենտրոն վարչական շրջանի փոխղեկավար Գագիկ Բաղդասարյանը կազմակերպված ձևով լցոնումներ էր իրականացնում, համակարգում էր հանձնաժողովի անդամների կողմից կեղծ ստորագրումը չներկայացած ընտրողների փոխարեն ընտրացուցակում, այնուհետև հրահրվեց քաշքշուկ, որի արդյունքում ավելի քան մեկ ժամ ընտրատեղամասը փակվել էր: Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահը հարձակվում էր վստահված անձանց վրա, հայոյում և քաշքշում` բոլոր միջոցներով խափանելով ընտրական գործընթացը», – ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով` այդ տեղամասի ընտրությունները ճանաչվեցին անվավեր և հարուցված քրեական գործով քննությունը հանձնվեց Գևորգ Գևորգյանին:
«Հանձնաժողովի նախագահի հանցագործությունները բացահայտելու համար հարկավոր էր բացել ընտրական պարկերը, որտեղ գտնվում էին ընտրացուցակները և ընտրական այլ փաստաթղթեր և միայն դրանց բացելուց հետո հնարավոր կլիներ պարզել իրականությունը: Գևորգ Գևորգյանը անձամբ ինձ խոստացել էր ամեն բան անել` բացահայտելու հանցագործությունը: Չնայած դրան, նա նենգաբար խաբեց թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, լրագրողներին, ընտրական գործընթացի այլ մասնակիցներին, որոնց ահաբեկել էր հանձնաժողովի նախագահը: Չանցկացնելով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն` քրեադատավարական օրենդրության կոպիտ խախտումնեով, քննիչը, փաստորեն, պարտակեց այդ գործը եւ արեց այնպես, որ ընտրական գործընթացի մասնակիցներին զրկեց քրեական գործը կարճելու` բողոքարկելու հնարավորությունից: Քննիչը պարզապես հրաժարվեց տրամադրել մեզ կարճման մասին որոշումը, դրանով Գ. Բաղդասարյանի հետ կիսելով ընտրակեղծարարի պատասխանատվությունը», – պատմել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Ըստ Կարապետյանի` նման մասնագիտական և մարդկային որակներ ունեցող քննիչը այլ կերպ չէր կարող անցկացնել քննությունը և չկա ոչ մի զարմանալի բան նրանում, որ այս անգամ էլ է կարճվել գործը:
«Անդրադառնալով ՀԱԿ երիտասարդ յոթ ակտիվիստների քրեական գործի նախաքննությանը` այս նույն երիտասարդ քննիչը, ով ղեկավարել է ՀՔԾ քննչական խումբը, թեև իր բազմաթիվ հրապարակային խոստումներին, որ չի շեղվելու քննության օբյեկտիվությունից, բազմակողմանիությունից ու լրիվությունից, այնուամենայնիվ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պատվերով առաջադրված մեղադրանքին` տալով «միս ու արյուն», գործը հասցրեց մեղադրական եզրակացության ու ուղարկեց դատարան: Ապա քողարկեց միջադեպի օրը ոստիկանների կատարած ապօրինի գործողությունները:
Ավելի քան ակնհայտ է, որ ոստիկանների գործողությունները եղել են ապօրինի, իսկ կիրառած ուժը, եթե անգամ չքննարկենք իրավաչափության հարցը, ապա կիրառած ուժի անհամաչափության հարցը առնվազն քննարկման առարկա պետք է լիներ նախաքննության ընթացքում:
Արդեն իսկ սկսված դատաքննության ընթացքում առաջին տուժողի տված ցուցմունքը բավարար էր, որպեսզի քննության հետևող ցանկացած իրավաբանական գիտելիքներ չունեցող անձնավորություն հասկանար, որ գործ ունենք հերթական շինծու, Գյուլնազ տատի հեքիաթները հիշեցնող հորինվածքի հետ: Եվ կրկին այդ հորիվածքի հեղինակը նույն ինքը Գևորգյանն է, որն, ի դեպ, երիտասարդների գործի քննության ավարտից հետո ստացավ մեծ պարգև, նոր պաշտոնի ձևով` նշանակվելով Երևան քաղաքի քննչական վարչության ղեկավար», – ասել է Վլադիմիր Կարապետյանը: