Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոր սկանդալ է հասունանում Հայաստանին զենք մատակարարելու շուրջ: Սեպտեմբերին երկրի խորհրդարանը կառավարությունից պահանջել էր բացատրել, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը զենք մատակարարում չկարգավորված հակամարտություն ունեցող տարածաշրջան, որից հետո գործարքը դադարեցվել էր: Սակայն օրերս այն փորձել էր վերակենդանացնել Անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Ռիկիչինսկին, որի պատճառով էլ անմիջապես արժանացել էր խորհրդարանականների հարձակումներին, գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:
Երեքշաբթի Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Յուրի Ռիկիչինսկին խորհրդարան էր հրավիրվել` խոսնակ Մարիան Լուպուին հասցեագրված նամակի վերաբերյալ պարզաբանումներ տալու: Ռիկիչինսկին նամակում խնդրել էր նպաստել զենք-զինամթերքի վաճառքի վերաբերյալ գործարքը ավարտին հասցնելուն: Խոսքը 20 տոննա հրթիռային համակարգերի և հակատանկային համալիրների մասին է, որոնք Մոլդովայի Պաշտպանության նախարարությունը պետք է փոխանցի Հայաստանին:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փորձագետ Վիորել Չիբոտարուն «ՆԳ»-ի հետ զրույցում նկատել է, որ գործարքը սկանդալի է վերաճել, քանի որ գաղտնի է պահվել անգամ խորհրդարանից, իսկ ամենակարևորը «Քիշնևը այս հարցով նախնական բանակցություններ չի վարել Բաքվի հետ, որը ուշադիր հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի շուրջ»: Դա, ըստ փորձագետի, երկրի ղեկավարության թերացումն է: Բացի դա, անգամ «արժանահավատ լեգենդ չէին ապահովել զենքի մատակարարման ուղու վերաբերյալ, որի հետևանքով Լատվիայի հետ անախորժություններ առաջացան», նշել է Չիբոտարուն: Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով, միջազգային նորմերի շրջանակներում Մոլդովան իրավունք ունի զենք վաճառել, այդ թվում, զենքի այնպիսի տեսակներ, որոնք նշված են Պաշտպանության նախարարության ցուցակում:
Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` Հայաստանին բավական թանկարժեք զենք է վաճառվել: Այդ զենքերի թվում են ստուգողական-վերահսկողական 9В862 համալիրներ, 9В863 «Կոբրա» հրթիռը, ինչպես նաև 9В871 հակատանկային հրթիռների համալիր: Այս զենքերից յուրաքանչյուրի շուկայական գինը գերազանցում է 60 հազար դոլարը: Բացի դա, զինամթերքների մեջ են եղել նաև «ՖԱԳՕՏ», «ԿՕՆԿՈՒՐՍ» , «ՇՏՈՒՐՄ-ԷՍ», «ՄԵՏԻՍ» հազարավոր հրթիռներ:
Ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հաղորդվել էր, որ գործարքը 3 միլիոն 250 հազար դոլար է արժեցել:
Հիեշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտարարել էր, որ «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի ձեռքբերումն իրականացվում է հանրապետության օրենսդրության և համապատասխան միջազգային նորմերի և պարտավորությունների շրջանակներում»` հավելելով, որ Ազգային անվտանգության շահերից ելնելով` ՊՆ-ն չի հրապարակում, թե որ երկրից ինչ զենք են գնում: