Ամանորին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է չչարաշահել ալկոհոլը, ճարպոտ սնունդը, չխառնել տարբեր տեսակի ուտելիքներ ու խմիչքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտ Բաբայանը:
«2011 թվականին ունեցել ենք սննդային թունավորումներ, հատկապես ստաֆիլոկոկային սննդային թունավորման դեպքեր՝ ութսունհիգ տուժածով, որը առաջացել էր տնային պայմաններում պատրաստված աղցաններից: Արձանագրված ՝ քսանինը տուժածով տասնութ դեպքի պատճառ էին հանդիսացել տնային պայմաններում պատրաստված ոչ պատշաճ ջերմային մշակում անցած պահածոներն ու սննդամթերքը՝ մասնավորապես Տավուշի, Լոռու մարզերում և Երևանում», – ասել է նա:
Բաբայանի խոսքով՝ շատ կարևոր է Ամանորին պահպանել ստամոքսը գերծանրաբեռնվածությունից:
«Խորհուրդ կտայի սննդամթերքն օգտագործել ավելի շատ խաշած վիճակում՝ նամանավանդ մսեղենը, խուսափել յուղոտ կերակրատեսակներից, շատ ալկոհոլոլային խմիչքներ օգտագործելուց: Նաև կարևոր է սնունդը ընդունելուց հետո որոշ ժամանակ դադար տալ, այնուհետ շարունակել ուտել: Հարկավոր է շատ քայլել: Ի դեպ՝ նշեմ սնկի ու ալկոհոլային խմիչքների անհամտեղելիության մասին, քանի որ վերջինս նպաստում է սունկի թունավորման ավելի արագ ներծծմանը օրգանիզմում», – տեղեկացրել է նա:
Մասնագետը նաև հորդորել է բոլորին սնունդ գնելիս խստագույնս հետևել սննդի ժամկետի մակնշմանը և ոչ մի դեպքում ժամկետանց սնունդ չգնել: Նա հիշեցրել է սննդային թունավորումների առաջին ախտանշանների մասին և խորհուրդ տվել դրանց ի հայտ գալու պես անմիջապես դիմել բժշկի օգնությանը:
«Դրանք են գլխապտույտը, սրտխառնոցը, ցավերը որովայնի շրջանում, բուտուլիզմի ժամանակ՝ թուլությունը, աչքերում մշուշանման պատկերները, աչքերի կոպերի ու ձայնի անկումը», – ասել է նա:
Այնուամենայնիվ, եթե արդեն գրանցվել է սննդային թունավորման դեպքը, Բաբայանը խորհուրդ է տվել մինչ շտապպօգնության ժամանումը տնային պայմաններում արագ ստամոքսի լվացում կատարել, օգտագործել շատ հեղուկ ու ակտիվացված ածուխ: