Այսօր ավելի քան հարյուր բնապահպան ակտիվիստներ քայլերթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն է եղել` չեղյալ համարել կառավարության որոշումը, համաձայն որի Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հարակից հողերը ճանաչվել են հանրային գերակա շահ և հանձնվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
Դեռևս ՀՀ կառավարության շենքի մոտ Աթայանը զրուցել է լրագրողների հետ` նշելով, որ գյուղի բնակիչները պատրաստ են պայքարել մինչև վերջ իրենց բնակավայրը պահելու և Քաջարանից չհեռանալու համար: Թե որոնք են լինելու պայքարի ձևերը, գյուղապետը չի նշել` ասելով, որ դրա մասին հանրությունը կիմանա այն ժամանակ, եթե ՀՀ կառավարությունը չվերանայի իր որոշումը: Գյուղապետը նշել է, որ իր` ՀՀԿ-ից դուրս գալու և գյուղապետի պաշտոնից հրաժարականի դիմումների հարցը դեռևս ընթացքի մեջ է, և ինքը չի պատրաստվում հետ կանգնել որոշումից:
Քայլերթի ընթացքում ակտիվիստները կանգնել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ և պարզել են իրենց պաստառները` «Փրկենք Սյունիքը», «Գյուղացիներն են պահում սահմանը», «Դադարեցրեք բնաբռնաբարությունը», «Քաջեր միացեք»: Այդ պահին ԱԺ-ի բակում հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց էր տալիս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս ավարտելով իր հարցազրույցը` չմոտեցավ բողոքավորներին, այլ շրջվեց ու բարձրացավ աստիճաններով, ինչին հետևեցին երթի մասնակիցների սուլոցներն ու «ամոթ, ամոթ» վանկարկումները:
Երթը շարունակվեց դեպի նախագահական նստավայր, որտեղ ևս ակցիայի մասնակիցները կառավարության որոշումը չեղյալ համարելու պահանջ պարունակող բովանդակությամբ նամակ հանձնեցին: Նախագահական նստավայրի դիմացի մայթին երթի մասնակիցները դարձյալ պարզեցին իրենց պաստառները, բարձրաձայնեցին իրենց պահանջը և սկսեցին երգել հայրենասիրական երգեր:
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում էին քաղաքական ու հասարակական կազմակարեպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ` «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Արմենակ Դովլաթյանը, Վլադիմիր Կարապետյանը, Առաքել Սեմիրջյանը, Վարդգես Գասպարին, «Սարդարապատ» շարժումից Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը և բազմաթիվ երիտասարդ ակտիվիստներ: