Երեկ լրացավ մեծանուն դիրժոր Օհան Դուրյանի մահվան մեկ տարին: Կոմիտասի անվան պանթեոնում մաեստրոյին հարգանքի տուրք մատուցելու համար հավաքվել էին նրա հարազատները, մի քանի արվեստագետներ ու Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները: Օհան Դուրյանի լավագույն բարեկամներից մեկը`Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վահան Վարդապետյանը, ելույթ ունեցավ Դուրյանի գերեզմանաքարի մոտ:
«Քո կյանքը երաժշտություն էր, երաժշտությունը կյանք է, Օհան Դուրյանը երաժշտություն է: Ուրեմն Օհան Դուրյանը և’ կյանք է, և’ երաժշտություն` հարատև: Ու աստվածային քո ոգին, որ ինձ հետ է ամենուր ու աշխարհ է ինձ համար, պարտադրում է շարունակաբար ու անընդհատ անշեղորեն ու հավատարմորեն նվիրվել ու ծառայել գործին, գաղափարին ու պայքարին, ու տիեզերական այդ ոգին ուժ է տալիս լիցքավորելու ու լուսավառելու շուրջբոլորը », – իր խոսքում նշել է Վարդապետյանը:
Այնուհետև ելույթ է ունեցել դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, ով իր խոսքում նշել է, որ արդեն մեկ տարի է` ապրում ենք Օհան Դուրյանի ֆիզիկական բացակայությամբ, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ «մենք ապրում ենք իր հոգևոր ներկայությամբ, և մեզանից յուրաքանչյուրը ամեն օր մտքով, գործով, խորհրդով հիշում է Օհան Դուրյանին»:
«Ամեն առիթ օգտագործում է մեզանից յուրաքանչյուրը` կրթելու Օհան Դուրյանի ոգով, Օհան Դուրյանի մոտեցմամբ: Օհան Դուրյանի` երաժիշտ լինելու մասին մենք չենք խոսում, որովհետև նա ինքնին այնպիսի մեծություն է` չարժե փոքրացնել խոսքով, բայց մենք գիտենք, որ այդ մեծ երաժիշտը ուղղակի անհանդուրժող էր երաժշտության մեջ ցանկացած անճշտության հանդեպ: Այդպես նա անհանդուրժող էր կյանքում, մարդկային հարաբերություններում անճշտության, ոչ անկեղծ հարաբերությունների հանդեպ: Մեծատառով մարդ, որը սիրում էր մարդկանց, որը սիրում էր մարդկանց ամենաանմեղ տեսակին՝ երեխաներին և կենդանիներին: Մարդ, որը կարող էր արտասվել թռչունի համար, եթե նրա թևիկը ցավում է, մարդ, որը կարող էր լալ ցանկացած խեղված ճակատագրի համար և հուզվում էր ցանկացած մարդու համար: Մենք երգչախմբի փորձերի ժամանակ հաճախ ենք հիշում Օհան Դուրյանին, ես իմ երեխաների հետ հաճախ եմ հիշում Օհան պապիկին, և նրանք այսօր այստեղ են, և նրանք անընդհատ գալու են այստեղ, որովհետև իրենցով է շարունակվելու Օհան Դուրյանի նման մեծության հիշողությունն իր հանդեպ, նրանցով է վառվելու հոգին մշտապես վառ Օհան Դուրյանի և լույս է տալու այն մթությանը, որը երբեմն և շատ հաճախ, ցավոք, վերջերս մեզ շրջապատում է»,- նշել է Հեքեքյանը:
Օհան Դուրյանի շիրիմի մոտ էին հավաքվել նաև Հեքեքյանի մանկական երգչախմբի սաները, որոնք մի քանի կատարում նվիրեցին մաեստրոյի հիշատակին:
Նշենք նաև, որ Պանթեոնում էր գտնվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր հոր` Անդրանիկ Մարգարյանի շիրիմն այցելելուց հետո մոտեցել է Օհան Դուրյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել ու հեռացել:
Պանթեոնում էին նաև Վազգեն Սարգսյանի մայրն ու հայրը, որոնք մինչև վերջ մնացին Օհան Դուրյանի այրու` Ալիս Դուրյանի կողքին: