2011 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և Ուտոյա կղզում կրկնակի ահաբեկչություն իրականացրած Անդերս Բերինգ Բրեյվիկը տեսակցությունների իրավունք կստանա: Նրան թույլ կտան նաև ռադիո լսել, հեռուստացույց դիտել և թերթեր կարդալ, հայտնում է РБК-ն:
Բացի դրանից, ներկայումս «Իլա» բանտի առանձնակի վտանգավոր հանցագործների համար նախատեսված խցում պահվող Բրեյվկիկը հնարավորություն կստանա շփվել լրագրողների հետ և հարցազրույցներ տալ:
Օսլոյից ոչ շատ հեռու տեղակայված «Իլա» բանտի կանոնների համաձայն, կալանավորները շաբաթական մեկ տեսակցության իրավունք ունեն: Բրեյվիկի տեսակցությունները հատուկ վերահսկողության տակ կանցկացվեն:
Բրեյվիկի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել մեծ թվով մարդիկ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինքը` Բրեյվիկը, որն իրեն մուլտիկուլտուրիզմի և Եվրոպայի իսլամիզացիայի դեմ պայքարող է համարում, հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույցներ տալ միայն այն դեպքում, եթե դրանք հրապարակվեն առանց գրաքննության:
Նա նախապատվություն կտա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի լրագրողներին, քանի որ, նրա կարծիքով, հենց այդ երկրներում են ապրում «իր ցանցի» մաս կազմող մարդիկ կամ պարզապես իր համախոհները: