Հունվարի 9-ին Պետերբուրգի հետաքննչական կոմիտեն երկու դեռահասների է ձերբակալել, որոնք մեղադրվում են օրեր առաջ Տավրիչեսկի այգում ութերորդ դասարանի աշակերտի վրա հարձակում գործելու և դանակով հասցված վնասվածքների հետևանքով սպանելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներից մեկը ծագումով հայ է: Հայկական ծագում ունի նաև սպանված դեռահասը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 6-ին: Թիվ 235 դպրոցի աշակերտ Ալեքսանդրը այգում զբոսնելիս է եղել իր 14-ամյա ընկերուհի Նաստյայի հետ, նրանց հետ է եղել նաև աղջկա 2-ամյա զարմիկը: Աղջկա խոսքով` հանկարծ մեջքի կողմից նրանց են մոտեցել երկու երիտասարդներ` դիմակներով, և իրեն ու երեխային խնդրել մի կողմ քաշվել: Այնուհետև վիճաբանություն է սկսվել, որին հաջորդել է ծեծկռտուքի, իսկ որոշ ժամանակ անց աղջիկը տեսել է, թե ինչպես են իր ուղեկցին դանակի հարվածներ հասցնում: Մի քանի րոպե անց հարձակվողները փախուստի են դիմել: Դեռահասը տեղում մահացել է ստացված վնասվածքներից:
Հետաքննիչներին շուտով հաջողվել է որսալ երկու կասկածյալների, որոնցից մեկը`Արմենը, նախկինում դատվածություն է ունեցել խուլիգանության համար:
Նա ոստիկաններին պատմել է իր արարքի դրդապատճառները, համաձայն որոնց, Ալեքսանդրը վիրավորել է իր մորը որպես կին:
Ի դեպ, պարզվել է, որ իրենց գտնվելու վայրի մասին հանցագործներին պատմել է հենց տղայի ընկերուհին` Նաստյան, սակայն նա, իր խոսքով, չէր ակնկալում նման ելք:
Հետաքննությունը պարզել է նաև, որ երկու տղաներն էլ հայկական արմատներ ունեն մայրական կողմից:
Հետաքննիչներին առավել ուշագրավ է թվացել ապագայի վերաբերյալ Արմենի հեռանկարները: Նա հանգիստ և համառ կերպով պնդել է, որ այժմ «սև» ուղով կգնա և որ դրա համար նա արդեն «հեղիանակավոր» կենսագրություն ունի: Ինչպես նշում է «Ֆոնտանկա» կայքը, նրան, հավանաբար, շուտով «օրենքով գող կհռչակեն»:
Արմենը ողջ մեղքն իր վրա է վերցրել, և խոստովանել, որ միայն ինքն է հարվածներ հասցրել, թեև երկու հոգով են եղել: