«Շտապ օգնությունը» տոնական օրերին շատ լարված է աշխատել: Նախորդ տարվա համեմատ` 2012 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում կանչերի թիվն ավելացել է 1103-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«2011 թվականի առաջին ութ օրերին օրական 616 կանչը համարվում էր բավական բարձր ցուցանիշ, այս տարի կանչերի քանակը հասել է 750-ի: Այս տարվա հունվարի 1-ից 8-ը ընդհանուր կանչերի թիվը կազմել է 5708, հոսպիտալացվել է 895 հիվանդ: Նույն ժամանակահատվածում մանկական կանչերի թիվը եղել է 513, մանկական հոսպիտալիզացիաները՝ 118», – տեղեկացրել է Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ առավել շատ են եղել կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում՝ 1462 դեպք, որոնցից հոսպիտալիզացվել է 269:
«Ինչ վերաբերում է խմածության դեպքերին, ապա դրանք թվով 25 են եղել, իսկ սննդային թունավորումների 3 դեպք է գրանցվել: Թվով 53 դեպք է գրանցվել նաև աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների սրացման հետ կապված», -նշել է Ստեփանյանը:
Նա նաև ավելացրել է, որ կանչերի զգալի մասը սպասարկվել է տանը:
«Առավել դժվար է կրկնակի կանչերի հետ կապված խնդիրը, երբ տեղում ախտորոշվում են հիվանդի որոշ հիվանդություններ, և բժիշկը պնդում է, որ հիվանդը պետք է տեղափոխվի հիվանդանոց, սակայն հիվանդը հրաժարվում է և որոշ ժամանակ անց կրկին զանգահարում է և երկրորդ կամ երրորդ կանչից հետո միայն տեղափոխվում է հիվանդանոց: Եթե նախորդ տարվա հունվարի 1-ից 8-ի դրությամբ օրական ունեցել ենք 15-16 կանչ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ կրկնակի կանչերի թիվը կրկնապատկվել է», – ասել է մասնագետը:
Ինչ վերաբերում է կանչերի արագ արձագանքմանը, Ստեփանյանը նշել է:
«Շատ կարևոր է, որ բնակիչները գիտակցեն՝ օրական 750 կանչի դեպքում շտապ օգնության բուժանձնակազմին պարզապես անհնար է դեպքի վայր հասնել 7-12 րոպեների ընթացքում: Մեզ զանգահարում են և պահանջում այս րոպեների ընթացքում հասնել նշված վայր, սակայն պետք է տեղեկացնեմ, որ նշված ժամանակահատվածում դեպքի վայր հասնելը հնարավոր է օրական չորս հարյուր հիսուն-հինգ հարյուր կանչի դեպքում»,- ասել է նա:
Ստեփանյանը հիշեցրել է, որ կանչերի որակը բարելավելու համար Ավանում ու Նուբարաշենում բացվել են շտապ օգնության հենակետեր: