Ռուսաստանը փոփոխվում է, այն արդեն փոխվել է, բայց դա չի անդրադառնա Ղարաբաղի հիմնախնդրի վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` առաջիկայում ՌԴ-ն ավելի կղզիացված կդառնա. «Քաղաքական վերնախավը կկենտրոնանա ներքին խնդիրների վրա և ավելի քիչ ուշադրություն կդարձնի արտաքին քաղաքականությանը, այդ թվում նաև Հարավային Կովկասի տարածաշրջանին: Ռուսաստանը ներկայումս արդեն իսկ մեծ խնդիրներ ունի բյուջեի և տնտեսության մեջ: Դրանք կձգեն մինչև ընտրություններ, իսկ նոր նախագահը կբախվի այդ խնդիրներին»:
Ընթացիկ ամսվա վերջին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հավանական հանդիպումից փորձագետը Լեռնային Ղարաբաղի հարցում կտրուկ առաջընթաց չի ակնկալում, «եթե ֆորս մաժորային իրավիճակ չստեղծվի, ինչը ես չեմ պատկերացնում»:
Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի ներկայիս իրավիճակը Իսկանդարյանը որպես «լճացման» գործընթաց է բնորոշել, որը, նրա խոսքով, կշարունակվի նաև 2012-ին: