100%-ոց համամասնական ընտրակարգի անցնելու պարագայում խորհրդարան կանցնեն ոչ ավել, քան 3-4 կուսակցություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Որոշակի հեղինակություններ ունենալը մեր իրողության մի մասն է, և այդ հեղինակությունները, տեղ գրավելով համամասնական ցուցակում, համենայն դեպս, իմ կարծիքով, իրենց ազդեցությունը կունենան և կօգտագործեն, բնականաբար, օրենքի շրջանակներում, որպեսզի ապահովեն իրենց տեղը ԱԺ-ում»,- ասել է Դավթյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի հավաստմամբ՝ ոչ ոք չպետք է որոշի, թե որ համակարգի պարագայում ով կանցնի:
«Ընտրողն է որոշում, ոչ թե քաղաքական գործիչը, և եթե վստահ եք, որ կանցնեք դուք (նկատի ունի ՀՀԿ-ն – Epress.am) և «Բարգավաճը», կոչ եմ անում ձեզ բերել այս արգումենտը ձեր ընկերներին և ասել, որ մնացածը, ասենք, «Ազատ դեմոկրատները» դուրս կմնան: Նույնիսկ Ռուսաստանի պես ավտորիտար երկրում գիտակցել են, որ այդ շեմը շատ բարձր է, և աշխատում են իջեցնել գոնե 2 կամ 3%-ի, ինչը նորմալ է և կարող է նաև այստեղ կիրառվել»,- ասել է Արզումանյանը:
Արտակ Դավթյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը իշխանությունն ամեն գնով պահելու շահ չի հետապնդում, և դա իրենց գերնպատակը չէ:
Արզումանյանը հակադարձել է` որպես օրինակ բերելով 2008 թվականի ընտրությունները, երբ «իրենց ձայնի իրավունքը պաշտպանողների ու բողոքարկողների նկատմամբ սպանդ իրագործվեց, տարբեր տեսակի բռնություններ կիրառվեցին, հարյուրավորներ մարդիկ հայտնվեցին բանտում»:
«Եթե ուզում եք երկրի վիճակը լավացնել, ասեմ, որ դա չեն անում տանկերով ու քաղբանտարկյալներով», – ասել է Արզումանյանը:
Նրա խոսքով` հայաստանցիների համար շատ կարևոր է ռուսաստանյան ընտրությունների օրինակը, որ «մեր կարևորագույն գործընկեր Ռուսաստանը լինի ամուր, ժողովրդավարական ու մարդու իրավունքները հարգող պետություն»:
Արտակ Դավթյանն առաջարկել է ընտրական համակարգի հարցը լուծել հանրաքվեի միջոցով, ինչը, ըստ նրա, շատ կարևոր կլինի թե ժողովրդի, թե պետության համար: