Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ճաշարանի ղեկավար, ենթասպա Արմեն Թովմասյանին առաջադրված մեղադրանքի (պաշտոնի չարաշահում) ծավալը դատաբժշկական եզրակացությունից հետո փոփոխվելու է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը:
Նրա խոսքով` դատաբժշկական եզրակացությունը կներկայացվի մոտ օրերս:
Միջադեպը գրանցվել էր դեկտեմբերի 14-ին, երբ ենթասպա Արմեն Թովմասյանը շղթայով հարվածել էր 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանին, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել էր: Վիրահատության ընթացքում երիտասարդի աջ աչքը հեռացվել էր:
Epress.am-ի հետ զրույցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Անոթային ախտաբանության բաժանմունքի վարիչ Գեորգի Գրիգորյանը նշել էր, որ զինծառայողի աչքը հնարավոր չի եղել պահել, որովհետև «այնտեղ աչք արդեն չկար», հարվածը շատ ուժեղ է եղել: Բժիշկները հեռացրել են Ավետիսյանի աչքը` տեղադրելով ժամանակավոր պրոտեզ, որպեսզի հետագայում հնարավոր լինի պլաստիկ վիրահատության դիմել և մշտական պրոտեզ տեղադրել: Բժշկի հավաստմամբ ՝այն կշարժվի, սակայն բնական է, որ տղան մեկ աչքի տեսողությունից զրկված կլինի ամբողջ կյանքում:
Նարեկը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակում է տնային պայմաններում:
Ավետիսյանին շղթայով հարվածելու պատճառը եղել է այն, որ Թովմասյանը պահանջել է զինծառայողից վերակարգի անցնել (նարյադ փակել) ճաշարանում, իսկ վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ ինքը նոր է եկել դիրքերից, որտեղ երկու շաբաթ է անցկացրել և 20 կիլոմետր քայլել է:
Լուսանկարը` Արման Վեզիրյանի