Մոսկվայում կյանքի 88-րդ տարում մահացել է խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը: Հետախույզը քաղցկեղով էր տառապում:
Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին Դոնի Ռոստովում:
1930 թվականին, երբ Վարդանյանը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Իրան: Նրա հայրը կապված էր խորհրդային արտաքին հետախուզության հետ և լքել է ԽՍՀՄ-ն իշխանությունների կարգադրությամբ: Կոմերցիոն գործունեության տակ քողարկվելով հայրը ակտիվ հետախուզական աշխատանք էր տանում: Հենց հոր ազդեցության տակ էլ Գևորգը որոշել է հետախույզ դառնալ:
Վարդանյանն իր կյանքը կապել է խորհրդային հետախուզության հետ 16 տարեկանում: Խորհրդային իշխանությունների կարգադրությամբ նա գլխավորել է Թեհրանում և իրանական այլ քաղաքներում ֆաշիստական քարոզչության և գերմանական հետախույզների բացահայտմամբ զբաղվող հատուկ խումբը: Ոչ մի օպերատիվ պատրաստում չի եղել: Նա ամեն ինչ ընթացքում է սովորել:
Միայն երկու տարիների ընթացքում խումբը գերմանական հետախուզության հետ այս կամ այն կերպ կապ ունեցող 400 մարդկանց է բացահայտել: Հենց այդ տարիներին Վարդանյանը ծանոթանում է հետախուզության ակտիվ անդամներից մեկի`Գոհարի հետ, ով հետագայում դարձել է նրա կինը:
Ավելի ուշ` 1943 թվականին, հենց Ամիրի (Գևորգի հետախուզական կեղծանունը) հատուկ հետախուզական խմբին է հաջողվել խափանել «մեծ եռյակի»`Ունիսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի և Իոսիֆ Ստալինի վրա իրականացվելիք հարձակումը, որը կազմակերպել էր Հիտլերը: Երրորդ Ռեյխի գաղտնի օպերացիաներից մեկը տապալվել է Վարդանյանի խմբի շնորհիվ: Այն ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր:
Այս իրադարձությունների հիման վրա նկարահանվել է «Թեհրան-43» ֆիլմը, որը հետագայում համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Սակայն ինքը` Վարդանյանը, ասում էր, որ ֆիլմում շատ «հիմարություն և կրակոցներ» կան: Միակ բանը, որ ֆիլմում համապատասխանում է իրականությանը, դա դիվերսանտների ներխուժումն էր դեսպանատան շենք կոյուղու միջոցով:
1951 թվականին նա վերադարձել է ԽՍՀՄ և ավարտել Երևանի պետական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը:
Այնուհետև դրան հաջորդել է հետախույզի բամզամյա աշխատանքը էքստրեմալ պայմաններում աշխարհի տարբեր երկրներում:
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության կարգադրությամբ 1984 թվականի մայիսի 28-ին Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: