Երկուշաբթի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Լեռնագործ» հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակչի, որոնք մարմնի տարբեր հատվածներում կտրտված վնասվածքներ ունեին, գրում է aravot.am-ը:
Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` երիտասարդ տղան հիվանդանոց տեղափոխվելիս անգիտակից վիճակում էր` արյան մեծ քանակի կորստով, իսկ աղջկա մոտ մարմի վերքերն ավելի խորն էին` պարանոցային շրջանում: «Հիվանդներին տեղում համապատասխան բուժօգնություն ենք ցուցաբերել` կատարվել է արյան փոխներարկում, վիրահատական միջամտություն ենք իրականացրել եւ մեզ հաջողվել է փրկել նրանց կյանքը: Երիտասարդների վիճակն այժմ բավարար է գնահատվում», – ասել է բժիշկ Աթաջանյանը:
Նրա խոսքով` միջադեպը ինքնավնասում կարելի է որակել: Հիվանդանոց այցելած հոգեբույժը երիտասարդների մոտ հոգեկան շեղումներ չի նկատել, երկուսն էլ իրենց տրվող հարցերին հստակորեն են պատասխանել:
Aravot.am-ի տեղեկություններով` տղան զանգահարել է ընկերոջը` Քաջարան, և հեռախոսով ասել. «Ինքնասպան ենք լինում, մեռնում ենք»: Ընկերն էլ անմիջապես զանգել է շտապ օգնություն:
«Լեռնագործ» հյուրանոցի աշխատակիցներն անգամ դեպքի մասին տեղյակ չեն եղել և իմացել են միայն շտապ օգնության հյուրանոց ժամանումից հետո: Երիտասարդներն արյունակիցներ չեն, ենթադրվում է, որ սիրահար զույգ են: Տղան Քաջարանի կոմբինատի աշխատակից է, իսկ աղջիկը չի աշխատում: