ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը առաջիկայում նիստ է գումարելու, որտեղ քննարկվելու են խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ կապված կազմակերպական հարցեր, ինչպես նաև` ժողովրդի ակտիվացման հետ կապված խնդիրներ: Այս մազին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի: Նրա փոխանցմամբ` Կոնգրեսը նախապատրաստվում է փետրվար-մարտ ամիսներին ժողովրդական մեծ ալիք բարձրացնել. «Փետրվարին-մարտին պլանավորել ենք մի նոր ալիք բարձրացնել մարդկանց, զանգվածային լուրջ միջոցառումներ անցկացնել, որոնց շնորհիվ ճնշում կգործադրենք իշխանությունների վրա: Մեր հիմնական պահանջը կա և շարունակում է մնալ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Եթե դա չհաջողվի իրականացնել մինչեւ հերթական պառլամենտական ընտրությունները, ուրեմն մենք ամբողջ ընթացքը` նախընտրական, քարոզչական, նաև պառլամենտական ընտրությունները, հետընտրական գործընթացը, ամբողջը պիտի օգտագործենք այդ նպատակի իրագործման համար»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախընտրական ցուցակին, ապա Զուրաբյանն ասել է, թե այդ հարցի շուրջ քննարկում դեռ չի եղել:
Հարցին` Լեոն Տեր-Պետրոսյանը ցանկություն ունի՞ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Զուրաբյանը պատասխանեց, որ առաջին նախագահը կընտրի այնպիսի մասնակցություն, որն առավելագույնս կօգնի Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործի հաջողությանը:
Կոնգրեսի համակարգողի համոզմամբ` իրենք խորհրդարանում մեծամասնություն կազմելու ռեալ հնարավորություն ունեն` եթե լինեն ազատ, արդար ընտրություններ. «Ազատ, արդար ընտրություններին մենք չենք հավատում, չեն անելու իշխանությունները: Ուղղակի մենք պետք է ստեղծենք մի այնպիսի վիճակ երկրում, երբ ինչքան էլ իրենք փորձեն իրենց կեղծիքները իրականացնել, այնուամենայնիվ, ապահովվի ժողովրդի ձայնի այնպիսի ներկայություն պառլամենտում, որն արդեն ռեժիմի դիրքերը կսասանի և թույլ կտա անցնել վերջնական գրոհի»: