2011 թվականին ընտանեկան խնդիրներն ավելի բաց դարձան հոգեբանների համար: 2011 թվականին 2010 թվականի հետ համեմատ մարդկանց մոտ սկսել է դանդաղ, բայց ձևավորվել հոգեբաններին դիմելու կարևոր մշակույթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
«Հիմնականում փաստ է, որ հոգեբաններին դիմում է ընտանիքի կինը, որը որ մտահոգված է իր և ամուսնու հարաբերություններով, քանի որ այդ հարաբերությունները ազդում են նաև երեխաների դաստիարակության և ապագայի ձևավորման վրա: Այնուամենայնիվ, կանայք շատ ավելի ակտիվ են այս հարցում: Հաջորդ խնդիրները, որ 2011-ին հանդիպեցինք, դա այն է, որ մարդիկ սկսեցին ավելի շատ հոգեբանին դիմել վշտից և կորստից հետո», – ասել է հոգեբանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ 2010-ին մեծ թվով հոգեբանների են այցելել ագրեսիվ երեխաներ, որոնց ագրեսիվությունը հոգեբանը չի կապում այնքան սոցիալական անապահովության, որքան ընտանեկան միջավայրի հետ: Հոգեբանը նշել է, որ իրենց շատ հազվադեպ են դիմում սեռական շեղումներ ունեցողները, թմրամոլները, հարբեցողները:
Հոգեբանը չի բացառել, որ հեռուստատեսությունը երեխայի դաստիարակության հարցում իհարկե դեր ունի, սակայն, եթե երեխայի առաջին դաստիարակը ծնողն է, և եթե նա կարողանա ճիշտ ձևով դա անել, ապա երեխայի մոտ ագրեսիվությունը կնվազի:
Մարիամ Մեհրաբյանը տեղեկացրել է, որ այս պահին 5-6 հոգեբանական կենտրոն գործում է Երևանում, նման կենտրոններ գործում են նաև Գյումրիում և Վանաձորում: Հոգեբանական ծառայություններից օգտվելու համար միջին գինը սահմանված է 3000-5000 դրամ: