Լեգենդար ֆուտբոլիստ, Արգենտինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ, ներկայումս «Ալ Վասլ» ակումբում աշխատող Դիեգո Մարադոնան հայտնվել է մեղադրյալի աթոռին: Իտալական իշխանությունները մեղադրում են ֆուտբոլիստին հարկային օրենսդրության խախտման մեջ, հայտնում է «Սովետսկի սպորտը»:
Ըստ մեղադրող կողմի` դեռևս 1980-ականներին, երբ Մարադոնան հանդես էր գալիս «Նապոլի» ֆուտբոլային ակումբի կողմից, հարկերի չվճարման հետևանքով պարտքեր էր կուտակվել, ինչի համար տուգանվել էր 38 մլն եվրո գումարի չափով: Սակայն այդ գումարը նա մինչ այժմ չի վճարել, ինչի կապակցությամբ Նեապոլում սկսվել է այս գործին առնչվող երկրորդ դատական նիստը:
Առաջին նիստը կայացել է երկու տարի առաջ, սակայն կարճվել էր: Մարադոնան չի ընդունում իր մեղքը: Նրա փաստաբանը կարծում է, որ մարզիչը Իտալիայի հարկային մարմինների կողմից աշխատանքի «մակերեսային» մեթոդների կիրառման զոհ է դարձել:
Իր բուռն խառնվածքով հայտնի արգենտինացին բազմիցս դատարանում է հայտնվել: 1991 թվականին նա մեղադրվել էր թմրանյութերի պահպանման մեջ: 1994-ին կրակ էր բացել իր տուն ներխուժել փորձած լրագրողների ուղղությամբ: ԶԼՄ-ների աշխատակիցները թեթև վնասվածքներ էին ստացել, իսկ Մարադոնան երկու տարի և 10 ամիս պայմանական ազատազրկման էր դատապարտվել:
Մի քանի անգամ դատական լսումներ են տեղի ունեցել Մարադոնայի արտամուսնական կապերին վերաբերող գործերով, քանի որ մի շարք կանայք պնդում էին, թե ֆուտբոլիստից երեխա ունեն: Իսկ 2006 թվականին Մարադոնան բաժակը կոտրել էր Պոլինեզիայի գեղեցկության թագուգու գլխին, քանի որ վերջինս վիճել էր իր դստեր հետ: