Home / Հայաստան / Ինչպիսի ազդեցություն կունենա իսրայելա-իրանական հնարավոր պատերազմը Հայաստանի վրա

Ինչպիսի ազդեցություն կունենա իսրայելա-իրանական հնարավոր պատերազմը Հայաստանի վրա

Իսրայելի և Իրանի պատերազմի հավանականությունը փորձագետները մի կողմից  գնահատում են անխուսափելի, սակայն մյուս կողմից կան քաղաքական մի քանի գործընթացներ, որոնք գալիս են ապացուցելու, որ եթե նույնիսկ ծրագրվում է նման ռազմական բախում, այն կհետաձգվի մինչև Իրանում գարնանը կայանալիք ընտրություններ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս չի բացառել, որ եթե այդ պատերազմը լինի, այն դառնա 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

«Տնտեսական առումով մենք, իհարկե, կորուստներ կկրենք, որովհետև Իրանը մեզ համար բավական խոշոր առևտրային գործընկեր է, և պատերազմական իրավիճակում մենք կունենանք բավական բարդ իրադրություն, և նույնիսկ ավելի վատ իրադրություն, քան Վրաստանի պատերազմի ժամանակ: Սա տնտեսական առումով», – ասել է փորձագետը:

Այն հարցին, թե ինչ հետևանք դա կարող է ունենալ ղարաբաղյան գործընթացի վրա, փորձագետն ասել է, որ դա ավելի շատ կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից` արդյոք Ադրբեջանը կընդունի ակտիվ հակաիրանական դիրքորոշում, թե պասիվ:

«Սակայն կարծում եմ` չի կարող չեզոքանալ այս իրավիճակում և կապված դրանից զարգացումները կգնան, իհարկե, ստատուս-քվոյի փոփոխություն կլինի այդ դեպքում», – ասել է փորձագետը` չբացառելով, որ Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և հարձակվել ԼՂՀ-ի վրա:

Նա նաև ասել է, որ այս պարագայում Հայաստանն ունի ակտիվ չեզոքություն, որպեսզի նպաստի այդ լարվածության թուլացմանը:   Խոսելով այն մասին, թե արդյոք Թուրքիան կմասնակցի իսրայելաիրանական պատերազմին, թե ոչ, ապա փորձագետը նշել է, որ Թուրքիան փորձում է ապացուցել, որ չի պատրաստվում ներքաշվել այդ բախման մեջ: Սակայն, փորձագետի խոսքով, ժամանակակից պետությունները «փորձում են չթշնամանալով մասնակցել պատերազմներին»: