Վերջերս Իսրայելի Քնեսեթում հայերի ողբերգությանն անդրադառնալը հիմնված էր քաղաքակա՞ն, թե՞ բարոյական սկզբունքների վրա: Այս հարցն համատեղ հոդվածում քննում են Յուտայի համալսարանի պրոֆեսորներ, ծագումով Թուրքիայից` Հական Յավուզը և իսրայելցի Տալ Բուենոսը, որոնք զբաղվում են Հայոց Ցեղասպանության խնդրի ուսումնասիրությամբ:
«Քաջատեղյակ լինելով վերջերս Քնեսեթի Կրթության հանձնաժողովի կողմից հայկական ողբերգության հրապարակային քննարկմանը` պետք է նշել, որ այն մտահոգություն առաջացնող աստիճանի քաղաքական էր, թեև Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը բազմիցս նշել է, որ այս թեմայի քննարկումների վերսկսումը քաղաքականության կամ դիվանագիտության խնդիր չէ, այլ բարոյական պարտականություն», – գրում են հոդվածի հեղինակները:
Ըստ պրոֆեսորների` նման հռետորությունը նպատակ ունի ստեղծել պատմություն, համաձայն որի Իսրայել-Թուրքիա քաղաքական հարաբերությունները Իսրայելի բարոյական դիրքորոշման պատանդը չեն:
«Ներկայումս Իսրայելն ազատ է Թուրքիայի առջև ունեցած իր քաղաքական պարտավորություններից, և Իսրայելը փաստորեն պաշտոնապես հայտարարում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, Ցեղասպանություն է կոչվում:
Այդուհանդերձ, ասել, որ Իսրայելը իսկապես լռություն էր պահպանում այս հարցի վերաբերյալ Թուրքիայի հետ քաղաքական կապերը պահպանելու նպատակով հավասարազոր է փաստելուն, որ Իսրայելը բարոյական սնանկացման է հասել:
Արդյո՞ք Իսրայելը պատրաստ է զոհաբերել իր ներկայիս նախագահ Շիմոն Պերեսին, ով 2001 թվականի ապրիլին հայտարարեց, որ այն, ինչ պատահել է հայերի հետ, ողբերգություն է, բայց ոչ Ցեղասպանություն: Փաստորեն, նա վաճառեց բարոյականությունը քաղաքական շահին: Ցավոք սրտի, Հոլոքոստի և հայերի ջարդի միջև տարբերություն դնելով` Իսրայելը վնասում է ինքն իրեն` ձեռք մեկնելով Ցեղասպանություն տերմինի շարունակական անպատասխանատու օգտագործմանը հակամարտությունների այնպիսի դաշտերում, ինչպիսին է Իսրայելի կոնֆլիկտը Պաղեստինի հետ: Տարատեսակ միջազգային հարթակներում Իսրայելի դեմ տարվող քաղաքականության շրջանակներում «ցեղասպանություն» բառն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման պարագա:
Արդյո՞ք դժվար է պատկերացնել Եվրոպայում ընդունված այնպիսի օրենք, որը ապօրինի է համարում ժխտել պաղեստինցիների «Ցեղասպանությունը»», – նշում են հոդվածի հեղինակները:
Նրանք ընդգծում են, որ շատ կարևոր է ճշգրիտ հասկանալ «ցեղասպանություն» տերմինի նշանակությունը և չդարձել քաղաքական առևտրի առառկա:
«Քաղաքական գործիչներին կրակի վրա ավելի շատ յուղ լցնել թույլ տալու փոխարեն լուրջ գիտական աշխատանք պետք է տանել Հոլոքոստ տերմինի վերաբերյալ և պետք է դրա քաղաքականացումը դնել պատշաճ ակադեմիական հիմքերի վրա:
Յուրաքանչյուր ազգություն իրավունք ունի որդեգրել այն քաղաքականությունը, որն անհրաժեշտ է իրեն իր գոյությունը պահպանելու համար, և չպետք է պարտադրված լինի անել դա այլ ազգերի աչքերում բարոյական երևալու հաշվին: Սա այն դիրքորոշումն է, որ Իսրայելն ու Թուրքիան են կիսում:
Երկու պետությունների համար էլ ընդհանուր պետք է դառնա Ցեղասպանություն տերմինը հետագա քաղաքականացումից փրկելը: Այս փոքրիկ էսսեյում մենք նպատակ ունեինք Ցեղասպանության հասկացության վերաբերյալ գիտական բանավեճ խրախուսել` բարոյական, փիլիսոփայական, պատմական և օրինական հիմքերի վրա դրված: Մենք հույս ունենք, որ նման գործունեությունը Ցեղասպանության ուսումնասիրման դաշտում առաջընթաց կգրանցի երկու երկրներում էլ, և կկարգավորի երկու կառավարությունների միջև բռնկված փոթորիկը», – եզրափակում են հոդվածի հեղինակները: