Այն փաստարկները, որոնք հնչում են թուրքական կողմից Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման դեմ՝ թույլ, սին փաստարկներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երբ ասում են, որ այս գործընթացը կամ այս օրենքը կարող է խոչընդոտել, խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախևառաջ մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ երկրորդը, եթե ինչ-որ բան խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դա թուրքական կողմի կեցվածքն է, ինչը հայտնի է միջազգային հանրությանը, և հենց այդ պատճառով է, որ ասվում է՝ գնդակը գտնվում է թուրքական կողմում:
Իսկ այն փաստարկները, թե իբրև Թուրքիայում ինչ-որ տնտեսական շահեր կան, որ Թուրքիան ինչ-ինչ դեր կարող է խաղալ տարածաշրջանային այս կամ այն հարցում, և եթե այս օրենքը ընդունվի, կարող է խոչընդոտել դրանց: Կարծում եմ, որ սրանից մի քիչ կոռուպցիայի հոտ է գալիս: Ոչ միայն շանտաժ է, այլև ուզում են ինչ-որ մի բանով առնել:
Բայց նախևառաջ այս օրենքի նախագիծն ընդունվում է՝ ի կատարումն 2008թ. նոյեմբերի 28-ին Եվրամիության խորհրդի ընդունած շրջանակային որոշման: Եվ չեմ կարծում, որ համամարդկային արժեքները կարող են թուրքական կողմից հնչող փաստարկներին ստորադասվել», – նշել է ՀՀ արտգործնախարարը: