Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արամի, Եկմալյան, Բուզանդ, Սարյան փողոցների մի քանի նորակառույց շենքերի բնակարանների բնակիչները, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրները:
2006 թվականին նրանք դուրս են եկել իրենց տներից, որոնք քանդվել են, և դրանց փոխարեն կառուցվել են նորակառույցներ: 2006 թվականին «Գապբնակշին» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո իրենց բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց:
«2006 թվականին իմ տունը քանդել են: Պետք է սարքեին երկու տարում, չեն սարքել, հետագայում սարքելուց հետո էլ պարզվել է, որ բնակարանս վաճառված է ռուսաստանաբնակ ինչ-որ մեկի: Չգիտենք՝ ինչ անել, ում դիմել, ասում են շինարար Պապոյան Գագոն փախել ա, մեկ ուրիշի դատել են, մենք հայտնվել ենք անորոշ վիճակում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է 40 տարեկանի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի տղամարդ:
Բնակիչները նշել են, որ Գագիկ Պապոյանն ընդամենը դրածո է, իր մեջքին «ավելի մեծ մարդիկ կան», այդ իսկ պատճառով այս հարցը լուծվող չէ: Որպես մեջքին կանգնած մարդիկ նրանք, մասնավորապես, նշել են նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի անունը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պատմել են, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 28-ին նրանք դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նամակում խնդրելով «դուրս բերել անելանելի վիճակից և օգնել սեփական հայրենիքում սեփական հայրենակիցների ձեռքով փողոց շպրտված մարդկանց չկորցնել արդարության հասնելու վերջին հույսը»:
Նոյեմբերին ուղարկված նամակին ի պատասխան` ՀՀ նախագահի աշխատակազմից բողոքողներին պատասխանել էին, որ իրենք իրավասու չեն տվյալ հարցով զբաղվել, և խորհուրդ են տվել դիմել դատարան:
Դրանից հետո, տվյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:
Բնակիչները նշել են, որ չեն հավատում, որ օրենքով կամ դատարանի օգնությամբ իրենք ինչ-որ բանի կհասնեն:
«Սա մեր վերջին հույսն է, որ երկրի նախագահը ինքը պետք է հասկանա, որ իր երկրի քաղաքացին հայտվել է փողոցում», – այսօրվա ակցիայի մասին ասել է մասնակիցներից մեկը:
Նրանք այսօր ևս մեկ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, որում կրկին խնդրում են լուծում տալ իրենց հարցին: Այսօր բողոքողներից մի քանիսին ընդունել է ՀՀ նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը: Բողոքի ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը հանդիպումից հետո ասել է, որ Հովսեփյանը հորդորել է սպասել մինչև խորհրդարանական ընտրությունները:
«Մենք ընտրությունից հետո ոչինչ չենք տեսնի, սա նշանակում է վազել գնացքի հետևից: Մենք շարունակելու ենք բողոքի ակցիաները նաև նստացույցի ձևով: Կորցնելու ոչինչ չունենք, թող նախագահը մտածի», – ասել է նա:
Նախագահական նստավայրից բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են Կենտրոն վարչական շրջանի Նոտարական գրասենյակ և նոտար Ալվարդ Մելքոնյանից պահանջել պարզաբանումներ տալ իրենց ներկա կարգավիճակի մասին: Մելքոնյանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ ինքը նույնպես խաբված է, քանի որ ինքը ևս բնակարան է ձեռք բերել այդ շենքերից մեկում և ոչինչ ասել չի կարող:
«Գործով ընթանում է դատավարություն, դատավարության ավարտից հետո պարզ կլինի` ինչ է լինելու», – ասել է նա:
Բողոքի ակցիայի մասնակիցները նոտարական գրասենյակից շարժվել են դեպի Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հանդիպել են գործը քննող Վաղինակ Ջանազյանի հետ:
Վերջինս տեղեկացրել է, որ ՀՔԾ-ին գործը քննելու համար ամիսներ են հարկավոր, քանի որ պետք է հարցաքննվեն հարյուրավոր մարդիկ: Դա առաջացրել է մարդկանց դժգոհությունը. նրանք հեռացել են ՀՔԾ-ից, և պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները: