Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանի կարծիքով` հայկական բանակի մարտական ոգին բարձրացնելու խնդիր կա, և պետք չէ բանակը քննադատել, քանի որ այն մեր հասարակության օբյեկտիվ արտացոլումն է միայն: Հասարակության վատ վիճակը, ըստ Մազմանյանի, գալիս է նրանից, որ երեխաները ընտանիքում դաստիարակություն չեն ստանում:
Ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Ես եմ» ֆիլմը, որն էլ միտված է բանակի մարտական ոգու բարձրացմանը: Մազմանյանը ֆիլմի պրոդյուսերն է, ֆիլմի ռեժիսորներն են Վահագն Գրիգորյանը և Կարեն Բաբաջանյանը:
«Մենք պետք է հասկանանք, որ մի փոքր երկիր ենք, որ թշնամիների շրջանի մեջ է, մեր թշնամին դրսում է, ու Աստված մի արասցե, պատերազմի դեպքում, ռեսուրս չենք ունենա պայքարի համար, եթե մենք իրար ենք թշնամի համարում: Մեր նկարած ֆիլմի մեսիջն հետևյալն է` սահմանից այս կողմ ես թշնամի չունեմ: Ես եմ հայրենիքիս զինվորը», – ասել է Մազմանյանը:
Նրա կարծիքով` «Ես եմ զինվորը» գաղափարախոսություն է, և «նման ֆունդամենտալ ազգային գիտակցությունը չպետք է կապ ունենա մանրապճեղ ներքին, նախընտրական, քաղաքական հարցերի հետ»:
Այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում բանակային մահերի թվերի աճին, Մազմանյանը պատասխանել է, որ արատավոր հարաբերություններ կան բոլոր բանակներում` մասնավորեցնելով, որ ահռելի քանակի են սեռական ոտնձգությունները ամերիկյան բանակում, ռուսաստանյան բանակում էլ իրավիճակն անտանելի է:
«Ամեն սպանված զինվոր իմ երեխան է, սակայն սա հայաստանյան խնդիր չէ, այլ գլոբալ խնդիր: Ուղղակի մենք փոքր երկիր ենք, ամեն դեպքը մեծ աղմուկ է հարուցում: Իսրայելում, օրինակ, արգելված է նույնիսկ հրապարակել բանակի խնդիրների մասին, սա մասամբ ճիշտ ռազմավարություն եմ համարում: Չփաստել, որ մենք ունենք բանակ, նշանակում է լինել հիվանդ, ու տարածել այդ հիվանդությունը հասարակության մեջ»,- ասել է Արմեն Մազմանյանը: