«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը սկսել է 1827թ. Օշականի մարտում զոհված ռուս ռազմիկներին նվիրված հուշակոթողի լիակատար վերականգնման նախապատրաստումը: Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի ղեկավարությունը և Հայաստանի մշակույթի նախարարությունը ստորագրել են կողմերի պարտականություններն ամրագրող հուշագիր: Այս մասին ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Նախարարությունը կպատրաստի և կհաստատի վերականգնման աշխատանքների նախագիծը, կանցկացնի փորձաքննություն ՀՀ օրենսդրության համապատասխան, ինչպես նաև կմշակի շինարարական ընկերության ընտրության մրցույթի փաստաթղթերի փաթեթը: Բարեգործական հիմնադրամը պարտավորվում է ֆինանասավորել ծրագրի իրագործումը և անցկացնել մրցույթներ, որոնց հաղթողներին կհանձնարարվեն վերականգնողական-շինարարական աշխատանքները, տեխնիկական և հեղինակային վերահսկողության իրականացումը:
««Հայաստանի տարածքում ռուս-հայկական ռազմական եղբայրության առաջին հուշակոթողի վերականգնումը «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը նվիրում է Օշականի ճակատամարտի 185-ամյակին», – ասել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արմեն Դավթյանը: