ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չի ցանկանում պաշտոն ստանալ կամ ԱԺ պատգամավոր դառնալ: Նա ընդամենը ցանկանում է, որ երկրում արդար ընտրությունների լինեն: Այս մասին քաղաքական գործիչն ասել է «Երկիր» օրաթերթի հետ զրույցում:
Թերթի այն հարցին` արդյոք Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին չի լինի ՀԱԿ-ի ցուցակում, վերջինս պատասխանել է.
«Եթե ՀԱԿ-ը գտնի, որ ցուցակում իմ անունը որոշակի օգուտ կբերի, ես պատրաստ եմ էդ ցուցակում լինել ցանկացած տեղում: Կարող եմ թե´ առաջնորդ, թե´ զինվոր լինել: Ցանկացած տեղի պատրաստ եմ, բայց ինքս ինձ պատգամավոր չեմ զգում և չեմ բացառում, որ պատգամավոր ընտրվելուց հետո ես դուրս կգամ` տեղս զիջելով շատ ավելի արժանավոր, օրենսդիր գործունեությունից շատ ավելի լավ հասկացող ու շատ ավելի մեծ օգուտներ տվող որևէ անհատի: Ինքս այդ ոլորտում մասնագետ չեմ, դա իմ դաշտը չի: Ես ավելի շատ արդյունաբերության, գործադիր իշխանության մարդ եմ»: