Դեկտեմբերի 23-ին Մասիսի ոստիկանության կողմից ձերբակալված 27-ամյա Արմեն Քալաշյանը, ով դանակով հարվածել և սպանել էր կրտսեր եղբորը՝ Էրիկ Քալաշյանին, գտնվում է կալանքի տակ: Քալաշյանն անցել է մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ տղան հոգեկան շեղումներ չունի և բացարձակ առողջ է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սևակ Միլիտոնյանը:
«Արմեն Քալաշյանի գործով դատավարությունը դեռևս չի կայացել: Կատարվում է նախաքննություն»,- ասել է Միլիտոնյանը:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել է երեկոյան ընթրիքի ընթացքում ծագած վիճաբանությունից: Եղբայրները ընթրելուց ոգելից խմիչք են օգտագործել, և կենցաղային հողի վրա բորբոքված կրքերը վերածվել են ծեծկռտուքի: Մայրը մի քանի անգամ փորձել է բաժանել տղաներին, սակայն երբ գնացել է խոհանոց, Արմենը վերցրել է վառարանի մոտ դրված դանակը, հարվածել եղբոր կրծքավանդակին ու տնից դուրս փախել՝ իր հետ տանելով նաև դանակը, որը փորձել էր դրսում թաքցնել: Հայտնաբերելով տղայի արնաթաթախ մարմինը` մայրը շտապօգնություն է կանչել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ Միլիտոնյանի` Արմեն Քալաշյանը հանցանքի պահին եղել է խմիչքի ազդեցության տակ:
«Մարդկային այս տեսակի համար որևէ արդարացում չկա, նա կպատժվի օրենքի ողջ խստությամբ», – ավել վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր Սևակ Միլիտոնյանը: