Ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկին, ով թաքնվում է ռուսաստանյան արդարադատությունից Լոնդոնում, կոչ է արել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին դուրս գալ նախագահական մրցավազքից, չեղյալ համարել մարտին կայանալիք նախագահական ընտրությունները և Ազգային փրկության կոմիտե ստեղծել` պատրիարք Կիրիլի ղեկավարությամբ:
Эхо Москвы ռադիոկայանի իր բլոգում Բերեզովսկին բաց նամակ է հրապարակել, որտեղ գրում է, որ ՌԴ ներկայիս վարչապետ Պուտինը կարող է «խուսափել արյունոտ հեղափոխությունից, թույլ չտալ Ռուսաստանյան պետության կործանումը, երբ ժողովուրդն ու իշխանությունը վերջնականապես կորցրել են միմյանց միջև կապը»:
Օլիգարխի կարծիքով` հանրության ինտելեկտուալ հատվածը, որը հանրահավաքներ է կազմակերպում, արդեն բարձրաձայնել է երկու հիմնական թեզ` «Պուտինը պետք է հեռանա» և «Չենք ցանկանում արյունոտ հեղափոխություն»:
Այժմ, գրում է Բերեզովսկին, Պուտինը կարող է հեռանալ յուրաքանչյուր պայմանով` «վերցնելով այնքան փառք, որքան նա բերել է Ռուսաստանին, և այնքան գումար, որքան ինքը գնահատում է իր աշխատանքը»: