Ռուսաստանի քաղաքացի «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանը պնդում է, որ «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկ Մհեր Ավետիսյանը իրեն 12 միլիոն դոլարի «քցել է», գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` մանրամասներ ներկայացնելով: Թերթի հաղորդմամբ, դեպքի մասին Իոսիֆյանը տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«ՉԻ»-ին ուղղված նամակում Իոսիֆյանը նշում է անուններ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան, Մհեր Ավետիսյան և Նավասարդ Կճոյան։ «ՉԻ»-ն նշում է, որ, Իոսիֆյանի պնդմամբ, հենց Մհեր Ավետիսյանն է մշակել իրեն թալանելու ողջ սխեման, նա գործում է Կճոյանի, իսկ վերջինս էլ` Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:
Իոսիֆյանի նամակում նշվում է, որ Մհեր Ավետիսյանը 2007 թվականից դառնում է ղազախական ԲՏԱ բանկի հաճախորդը։ Վերջինս մտերմանում է բանկի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի հետ, անգամ դառնում է նրա մուսուլման երեխայի քավորը։ Այնուհետև նրան մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի վարկ են տրամադրում։ Այս բանկից այդ ընթացքում վարկ են վերցրած լինում նաև, օրինակ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արշալույս Փայտյանը` իր ընտանիքին պատկանող «Փայտ Գրիգ» ընկերության համար:
Ընդհանուր առմամբ, բանկը տարբեր մարդկանց շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրած լինում։
Իոսիֆյանը գրում է, որ 2009 թվականին Մհեր Ավետիսյանը մտերմանում է ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի հետ։ Բանկը շուրջ 16 միլիոն ԱՄՆ ղոլար է ունենում անբարեխիղճ վարկառուների մոտ, նրանք ամիսներով տոկոս չեն մուծում, դրանց գումարվում են նաև տույժ-տուգանքները։ Արդյունքում՝ գործը հասնում է բանկային գործունեության նորմատիվների խախտման վտանգին, և որպեսգի բանկը «չպայթի», Գեորգի Իոսիֆյանի միջնորդությամբ բացվում է «Սարկապիտալ» ընկերությունը, և 12 միլիոն ԱՄՆ դոլար է ներդնում ընկերության մեջ։
«Սարկապիտալը» 16 միլիոն պարտքի դիմաց բանկին վճարում է այդ 12 միլիոնը, և այդ վարկերը տեղափոխում է իր բալանսին։
Բանկ մտնում է այդ 12 միլիոն դոլար, 4 միլիոն կորուստը տեղավորվում է բանկի նորմատիվների մեջ, իսկ 16 միլիոն դոլարի պարտքը՝ 29 միլիոն ԱՄՆ դոլար գրավով տեղափոխվում է «Սարկապիտալի» բալանսի վրա:
Իոսիֆյանը մտածում է, որ կկարողանա իր 12 միլիոնը հավաքագրել անբարեխիղճ «վարկառուներից», որոնք մեծահարուստներ են, իսկ եթե դա չհաջողվի, ապա կդիմի դատարան և գրավադրված գույքի վաճառքից հետ կստանա իր գումարները:
Իոսիֆյանը նշում է, որ «Սարկապիտալ»-ի հիմնադրման ընթացքում ղազախ Մարատ Եվտաելևին լիազորագիր են տալիս, որպեսզի նա նշանակի ընկերության տնօրեն։
Ղազախն, իր հերթին, տնօրեն է նշանակում ԲՏԱ բանկի վարկային մասնագետին։ 2009 թվականի հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին վերջինս նորմալ աշխատում է, զանգահարում է վարկ ունեցող կոնկրետ անձանց, նրանց հետ խոսում է, փորձում է որոշակի գումարներ հավաքագրել։
«Շուտով, սակայն, «Սարկապիտալը» «աշխատացնողներն» իրենց բանկային հաշիվները հանում են ԲՏԱ բանկից և այլևս դառնում են «Արդշինինվեստ» բանկի հաճախորդը։ Սա առաջին ահազանգն է լինում, շատ շուտ հասկանալի է դառնում, որ խաբեբաների «թայֆան» որոշել է հաղթահարել բանկի վերահսկողությունը, ուստի հաշիվները հանել է այնտեղից։ Այս մասին ահազանգ է ստանում նաև Գեորգի Իոսիֆյանը, որն էլ 2009 թվականի հունիսին գալիս է Հայաստան և այցելում «Սարկապիտալ»-ի օֆիս», – գրում է «ՉԻ»-ն:
Իոսիֆյանի խոսքով` օֆիսը փոքր կոշիկի խանութում էր:
«Իմացա, որ 4 ամսվա ընթացքում այդ տնօրենը 78 հազար ԱՄՆ դոլար է հավաքել վարկառուներից, համենայնդեպս՝ այդքան տոկոս, տույժ-տուգանք մուտք էր եղել։ Բայց ոնց մտել էր, այդպես է դուրս է եկել, որովհետև մարդիկ ծախս էին ցույց տվել։ Բայց մինչև իմ Հայաստան գալը՝ մայիսի 8-ին, վարկային մասնագետին, ով տնօրեն էր նշանակված, գործից ազատում են։
Հետո պարզ դարձավ, որ նա ևս մախինացիայի մեջ է եղել, Մհեր Ավետիսյանը հենց նրա հետ է սկսել աշխատել։ Նրա անունն Արմեն Սարգսյան է, ով հիմա էլ աշխատում է ԲՏԱ բանկում։ «Սարկապիտալի» տնօրեն են նշանակում ոմն Լևոն Խաչատրյանի։ Վերջինս հիմա անազատության մեջ է։ Նստած է բանտում», – գրել է Գեորգի Իոսիֆյանը։
Լևոն Խաչատրյանը հայտնվել է ԱԱԾ մեկուսարանում այն բանից հետո, երբ սկսել է բացվել այս պատմության կծիկը։
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մհեր Ավետիսյանն է հրավիրել Լևոն Խաչատրյանին «Սարկապիտալ» և նրան անօրինական ճանապարհով դարձրել տնօրեն՝ իր խաբեբայությունն իրականացնելու համար։ Իմ ներկայացուցիչը, մինչև իմ Հայաստան գալն ու դատախազության դիմելը, հանդիպել է ընկերությունից ազատված տնօրեն Արմեն Սարգսյանի հետ, նրան հարցրել է, թե ուր է ընկերության կնիքը, ինչ է կատարվում «Սարկապիտալում». նա պատասխանել է, թե` ես խաբար չեմ, Մհերին հարցրեք։ Ղազախ ներկայացուցիչը բացարձակ կապ չունի, որովհետև ղազախի լիագորագիրը՝ տրված մեր կողմից, վերջացել է ապրիլի 16-ին», – նամակում գրել է Գեորգի Իոսիֆյանը։
Լուսանկարը` gov.am