Վերջին տարիներին ահռելի չափերի է հասել Հայաստանի բնության ավերումն ու բնական ռեսուրսների անխնա շահագործումը: Չկա բնապահպանական որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի: Այս մասին ասված է գործարարներին ուղղված «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կոչում:
«Այս պայմաններում, ՀՀ իշխանությունները, բնության ավերումը կանխարգելելու և երկրի բնական ռեսուրսները բանական օգտագործելու ուղիով շարժվելու փոխարեն, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ /հատկապես Համաշխարհային Բանկի/ որդեգրել են բոլոր հասանելի հանքավայրերը շահագործելու և ռեսուրսները Հայաստանից արտահանելու քաղաքականություն: Երկիրը բռնել է էկո գաղութացման և հարուստ երկրների հանքահումքային կցորդի վերածվելու ճանապարհ: Այս ընթացքին նպաստում է տեղի օլիգարխիկ համակարգը /անկախ կուսակցական պատկանելիությունից/, որը հաջողությամբ սերտաճել է արտերկրի նմանատիպ համակարգերի հետ:
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական: Միայն 2004-2011թ.թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրությունների համար տրվել է 221 լիցենզիա, իսկ 2003-2011թ.թ. օգտակար հանածոների արդյունահանման համար՝ 522 լիցենզիա: Ստացվում է, որ հաստատված օգտակար հանածոների հանքավայրերի առյուծի բաժինը շահագործվում է կամ պատրաստվում է շահագործման», – նշում են կոչի հեղինակները:
Բնապահպան ակտիվիստները նշում են, որ տվյալ իրավիճակն ուղեկցվում է բնակչության, հատկապես գյուղական համայնքների «կամավոր» ճորտացմամբ կամ արտագաղթով:
«Փաստորեն, մեր նորօրյա հանքատերերը, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում նախկին և ներկա պաշտոնյաները, պատգամավորները կամ նրանց մերձավորները, օգտվելով պետության «մեղմ» քաղաքականությունից և բնակչության ծայրահեղ աղքատ իրավիճակից, նոր աշխատատեղեր ստեղծելու անվան տակ, հեշտությամբ տիրանում են երկրի հարստությանը և բնակչությանն օգտագործում որպես սևագործ բանվորներ: Հանքավայրերում աշխատող բնակչության մոտ ստեղծվել է այսպիսի մի կարգախոս. ավելի լավ է թունավորվենք, քան սովից մահանանք: Այսպես այլևս չի կարող շարունակվել:
Մենք՝ Թռչկանցիներս, կոչ ենք անում բոլոր հայրենասեր գործարարներին, Հայաստանի խոցելի համայնքներում՝ հատկապես նոր հանքավայրերի մերձակա գյուղերում, սկսել իրականացնել տնտեսական ծրագրեր, որոնք կստեղծեն այլընտրանքային, իրական և կայուն աշխատատեղեր բնակչության համար: Այս ծրագրերը կարող են լինել թե՛ գյուղատնտեսական արտադրանքի ավելացման և իրացման, թե՛ դրանց վերամշակման, թե՛ թեթև արդյունաբերության զարգացման, թե՛ ցանկացած այլ ոլորտներում:
Ստեղծելով տնտեսական այլընտրանք՝ մենք կկարողանանք էլ ավելի արդյունավետ դարձնել մեր արդար պայքարը հանուն հայրենիքի փրկության և ժողովրդի բարեկեցության», – եզրափակում են քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: