2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատավոր Սամվել Մարդանյանի` դատական նիստերը Երևանից Տավուշի մարզ տեղափոխելու որոշումն ապօրինի է համարում: Այս մասին նա հայտարարել է որոշումը կայացնելուց հետո դատարանի բակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Որոշման կայացումը դատը տեղափոխել Երևան` վճռաբեկ դատարանի նախագահության համաձայնությամբ է եղել: Այսօր ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում դատավորի վրա: Այսօր դա ապացուցվեց, դատավորին հրամայել են գործը տանել Տավուշի մարզ, որպեսզի, կոպիտ ասած, հեշտ լինի ծածկադմփոց անելը՝ հույս ունենալով նաև, որ լրագրողների մի մասը չի կարողանա գնալ մարզ և այլն: Հասկանալով, որ սխալ է թույլ տրվել, որ գործը Երևան է եկել և աղմուկը մեծացել է, հիմա որոշեց տանել մարզ, որպեսզի նախաքննության կատարած հանցագործությունը կոծկի և կարողանա «ինքնասպանություն» իրենց կեղծ որակումը կատարի: Իմ համոզմամբ` այս հանցանքի մեջ ներկայացված հարյուր տոկոսով անմեղ մարդկանց ուզում են փչացնեն բանտերում: Մարդասպանները դրսում, իսկ անմեղ մարդիկ՝ բանտերում», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ դատական նիստից հետո և’ տուժող կողմը, և’ մեղադրյալների հարազատները գնացել են դեպի նախագահական նստավայր, որտեղ նրանց ընդունել է ՀՀ նախագահի նամակների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանը, ով նրանց խորհուրդ է տվել գնալ Արդարադատության խորհուրդ, որտեղ էլ պետք է զբաղվեն տվյալ հարցով:
Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, որին նույնպես ընդունել են նախագահականում, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հանդիպում է պահանջում Սերժ Սարգսյանի հետ:
«Ես պահանջեցի, որ նախագահն ինձ ընդունի, եթե չընդունեց ու այս հարցին լուծում չտվեց, ես կհամարեմ, որ ինքը հովանավորում է թե՛ Մարդանյանին, և թե՛ դատախազ Հարություն Հարությունյանին: Երկուսն էլ պիտի էս գործից դուրս գան, գործը պիտի որպես սպանություն քննվի, այստեղ ինքնսպանություն չկա, ես իրեղեն ապացույցները ունեմ, իրենք էլ ունեն, իրենք էլ շատ լավ գիտեն, որ սպանություն է: Մարդանյանը շահագրգռվածություն ունի, որ այս գործը կարճվի, և դրա համար էլ տեղափոխում է Իջևան»,- ասել է տիկին Հասմիկը:
Վերջինս նաև ասել Աիդա Ասատրյանին ասել է, որ ոչ մի բանակի պատվի համար հանցագործին չեն պարտակում: «Իրենց համար բանակը չի, իրանց համար իրենց գրպանն է: Թո՛ղ նախագահն իմանա, թե դատավորներն ինչ են անում, դատախազներն ինչ են անում, իր ա նշանակած Կոստանյանը ինչ է անում:Թող իմանա, որ էսօր իրա ասած խոսքից մի քայլ առաջ չի գնացել», – հավելել է Հասմիկ Հովհաննիսյանը: