Հինգ տարի առաջ հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ագօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը: Այսօր հիշելով Հրանտին` թուրքահայ մեկ այլ լրագրող, հրապարակախոս Մարգար Եսայանը Today’s Zaman-ի իր բլոգում գրում է, որ ինքն ու իր ընկերները կորցրեցին իրենց եղբորը, հրապարակախոսի, ումով հպարատանում էին, բայց նաև Թուրքիան կորցրեց նրա գաղափարները, որոնք Դինքը դեռևս պետք է հնչեցներ` անդրադարձ կատարելով երկրի խնդիրներին:
«Նրանք, ովքեր ծանոթ էին նրա գրվածներին և ելույթներին, հասկանում են այս կորստի ողջ մեծությունը: Եվ մենք այժմ պարտավոր ենք պարզել, թե ինչ կարող ենք անել Թուրքիայի համար սպանության գործի բացահայտման միջոցով: Գլխավոր շտաբը, Ազգային Հետախուզական կազմակերպության սպաները, որոնք սպառնում էին Հրանտին Ստամբուլի նահանգապետի գրասենյակում, Քերինչիզը (փաստաբան, ով հայտնի է ավելի քան 40 լրագրողների, այդ թվում` Հրանտ Դինքի դեմ դատական հայց ներկայացնելով) և նրա ընկերները. ծայրահեղ ազգայնականները, ովքեր սպառնում էին նրան, և պատվազուրկ սյունակագիրները, որոնք կախաղան էին նախապատրաստել նրա համար, բոլորը մեղավոր են: Մենք հայտարարում ենք, որ նրանք չպաշտպանեցին Հրանտ Դինքին, հետևաբար նրանք նպաստեցին նրա մահվանը», – գրում է Եսայանը:
Հրապարակախոսը վստահ է, որ Դինքի գործի անարդար քննությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան շարունակելու է մնալ այն երկիրը, որտեղ նման սպանություններ դեռ կարող են տեղի ունենալ:
«Դինքի մահվան կապակցությամբ իր կարեկցանքը հայտնելու նպատակով նրա ընտանիքին այցելած վարչապետը խոստացել էր, որ կբացահայտի սպանությունը: Մարդիկ չպետք է այնպիսի խոստումներ տան, որոնք նրանք չեն կարող պահել: Չի կարելի նման բան անել: Շատ ավելի հեշտ կլիներ մարսել, եթե նա ասեր փոխարենը. «Սա այնպիսի դեպք է, որը ես չեմ կարող լուծել, և այդ պատճառով ես չեմ կարող որևէ խոստում տալ»», – գրում է լրագրողը:
Մարգար Եսայանը վստահ է, որ հետաքննության ընթացքը ծրագրված էր հենց սկզբից պետության կողմից:
«Պետք է խոստովանեմ, որ անգամ ես չէի ակնկալում սա: Ես չէի ակնկալում Էրհան Տունչելի և 19 այլ կասկածյալների ազատ արձակումը: Բայց դա կարող էր անարդար լինել այս երեխաների հանդեպ, քանի դեռ Դինքի սպանության իրական մեղավորներն ազատ են: Կարծում եմ, այս դատը անարդար էր նաև Հայալի հանդեպ: Դատարանը պետք է ազատ արձակեր նրան», – գրում է Եսայանը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Դինքի գործով վերջին` 25-րդ դատական նիստի արդյունքում ցմահ ազատազրկման էր դատապարտել Դինքի գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հայալը, ով անմիջականորեն պատվիրել էր սպանությունը 23 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթին, մյուս մեղադրյալը` Էրհան Թունչելը, արդարացվել էր սպանության մասով, սակայն մեղավոր ճանաչվել մեկ այլ գործով (2004 թվականին «Մաքդոնալդս» ռեստորանի պայթյունը) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
Դինքի ընկերները այսօր պատրաստվում են կրկին հավաքվել Ստամբուլի կենտրոնական հրապարակում և քայլել դեպի «Ագօս»-ի խմբագրատուն, որի դիմաց 5 տարի առաջ սպանվեց լրագրողը: