Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն ու «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չեն ներկայացել այսօր իրենց դեմ կանչված դատական նիստին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ ՀՌԱՀ-ի և «Արմնյուզի»-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Ա1+» հեռուստատեսությունը, ում ՀՌԱՀ-ը 2010 թվականին հեռարձակման արտոնագիր չի տրամադրել` մրցույթում հաղթող ճանաչելով «Արմնյուզին»: Այժմ «Ա1+»-ը պահանջում է չեղյալ համարել 2010թ. դեկտեմբերի 16-ի ՀՌԱՀ-ի այդ որոշումը:
Դատը սկսելուց առաջ դատավոր Արթուր Առաքելյանը հայտնել է, որ պատասխանող կողմը հունվարի 16-ին միջնորդություն է ներկայացրել` դատը անցկացնել առանց իրենց ներկայության: Ապա դատավորը վերընթերցել է «Ա1+»-ի վերաքննիչ բողոքը և ՀՌԱՀ-ի պատասխանն այդ վերաքննիչ բողոքին, իսկ «Արմնյուզը» բողոքին ի պատասխան որևէ արձագանք չի ներկայացրել:
Գնահատելով ՀՌԱՀ-ի պատասխանը` Epress.am-ի հետ զրույցում «Ա1+»-ի շահերը պաշտպանող իրավաբան Ալեքսանդր Սահակյանը նշել է, որ այդ պատասխանը իրականում որևէ կապ չունի ներկայացված վերաքննիչ բողոքի հետ և չի բերում հակափաստարկներ դրանում ներկայացված կետերին:
«Վերաքննիչ բողոքում «Ա1+»-ն առաջին կետով նշում է, որ մրցույթն անցկացնելիս ՀՌԱՀ-ը պետք է կիրառվեր լիցենզավորան մասին թիվ 29 օրենքը, այլ ոչ թե ՀՌԱՀ-ի մասին օրենքը, քանի որ նախ` այդ երկու օրենքների մեջ հակասության չկա, ինչը պնդում է ՀՌԱՀ-ը, ապա նաև այն պատճառով, որ Լիցենզավորման մասին օրենքը ընդունվել է ավելի վաղ», – պարզաբանել է փաստաբանը:
«Երկրորդ` ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ունի նույն հավասար իրավունքները, ինչ ՀՌԱՀ մյուս անդամները, ուստի այլ պետական մարմիններին հարցում անելով` նա խախտել է կոլեգիալության մասին օրենքը»,- ասել է Ալեքսանդր Սահակյանը:
Վերաքննիչ բողոքով` «Ա1+»-ը խնդրել է նաև ՀՌԱՀ-ից պարզաբանել` ինչու է «Ա1+»-ը մրցույթում ստացել 2, իսկ «Արմնյուզը»` 44 միավոր, ինչու որոշ դեպքերում ՀՌԱՀ-ը հարցում է կատարել իմանալու համար արդյոք երաշխիք տրամադրող փասատաթղթերը կեղծ են, մյուս դեպքերում` բավարարվել միայն կնիքի ու ստորագրության առկայությամբ:
Դատի ընթացքում նոր հարցերով դատավորները չեն դիմել հայցվոր կողմին, նոր միջնորդություններ չեն արվել: Դատավոր Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ դատարանի որոշումը կհրապարակի փետրվարի 9-ին, ժամը 17-ին: