«Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հերքել է այն տեղեկատվությունը, թե ընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է առաջիկայում հիմնել «ԵրևանԱվիա» կազմակերպությունը, որի մասին «Ժողովուրդ» թերթին հայտնի էր դարձել լավատեղյակ աղբյուրներից: Թերթի հետ զրույցում Ավետիսովան նշել է, որ առաջին անգամ է նման լուր լսում:
Մամուլի խոսնակը հերքել է նաև այն լուրը, թե «Արմավիա»-ում զանգվածային կրճատումներ են սկսվել և աշխատանքից ազատվել է ընկերության աշխատակից Նորայր Բելույանը:
«Վստահաբար հայտարարում եմ, որ Բելույանն աշխատում է «Արմավիա»-ում՝ որպես նախագահ: Եվ դա խոսում է այն մասին, որ նրան ոչ միայն չեն հեռացրել աշխատանքից, այլև բարձրացրել են պաշտոնը»,- թերթի հետ զրույցում ասել է Ավետիսովան:
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ «Արմավիա»-ի վրա «աչք ունի» Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, ով «ամեն ինչ անում է ընկերոթյանը տիրանալու համար»: Ավելին` «Արմավիան» որոշ ֆինանսական խնդիրներ ունի «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, և եղել են դեպքեր, երբ թռիչքները հետաձգվել են: