Երեկ երեկոյան թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և նույն տաքսի ծառայության 28-ամյա կարգավարը:
Ավտոմեքենայի փոխանցման տուփի լծակի տակ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, իսկ վարորդի բաճկոնի գրպանում` թղթե 2 փաթեթ` 5,5 և 5,4 գրամ համանման զանգվածով:
Կարգավարի բաճկոնի գրպանից և գուլպայի միջից նույնպես թղթե փաթեթներ են հայտնաբերվել, համապատասխանաբար` 5,1, 1,7 և 3,6 գրամ կանեփանման զանգվածով:
Պարզվել է, որ վարորդը փաթեթները 10.000 դրամով ձեռք է բերել կարգավարից, իսկ վերջինս էլ` ոմն Միշայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Միշայի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: