Կադաստրի պետական կոմիտեում առաջընթաց է գրանցվել, էապես բարելավվել է ծառայությունների որակը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ունենք էական առաջընթաց. այսօր իրականություն է այն, որ Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով», – հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով` անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես հաջողություններ կան:
«Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների և մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, և մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձևավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, և եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է` կա դժգոհություն: Խնդրի արմատական լուծման համար ապրիլին մենք շահագործման ենք հանձնելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով:
Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման ուղղությամբ և տվյալների միասնական բազայի ուղությամբ աշխատանքներն սկսել ենք: Իրատեսական ենք համարում, որ ապրիլին մեր քաղաքացիները պետք է սպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում` այսօրվա մեկ ժամվա փոխարեն: Այսօր կուտակվում են հերթեր, և ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. ավելացնել աշխատողների քանակը և նվազեցնել այսօրվա ծանրաբեռնվածությունը, որն առկա է այս ոլորտում: Ավտոմեքենաների զննման տեխնիկական խնդիրը նախորդ տարի ևս ստացավ իր լուծումը: Ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. տեխնիկական զննման կտրոների վրա կնիքը պարտադիր չէ, և պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ: Բոլոր պետական մարմիներին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի հետևում ստուգեն կնիքի առկայությունը: Այդպիսի պահանջ չկա, և մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա: Սա է մեր պահանջը, որպեսզի մենք զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից»,- նշել է Տիգրան Սարգսյանը: