Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «բացատրական» նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում նշել է, որ Ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց Ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրինագիծը չպետք է փչացնի Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, հայտնում է «CNN Turk»-ը:
«Հարգելի վարչապետ: Նախևառաջ ուզում եմ ասել Ձեզ, որ օրինագծի նպատակը Ֆրանսիական հասարակությունում երկար տարիներ գոյություն ունեցող ժխտողականության զգացումներից ձերբազատվելն է և 100 տարվա վաղեմություն ունեցող վերքերից բուժվելը: Այս ծրագիրը վերաբերում է համաշխարհային պրակտիկայում տեղի ունեցած բոլոր Ցեղասպանություններին: Ծրագրի տեքստում չի նշվում որևէ կոնկրետ ազգ ու պետություն: Մենք, միաժամանակ, շատ լավ հասկանում ենք, այն ցավը, որն ապրել է թուրք ազգը Առաջին Համաշխարհային պատերազմի և Օսմանյան կայրսության փլուզման տարիներին:
Գիտեմ, որ ընդունել այն, ինչ եղել է, առերեսել պատմությանը, հեշտ չէ: Սակայն Ֆրանսիան ճանաչել է մի դաժան ճշմարտություն` իր պատասխանատվությունը ստրուկների առևտրի հարցում, և իր դերը գերմանական օկուպացիայի տարիներին, երբ երկրում ապրող հրեաները համակենտրոնացման ճամբարներ էին ուղարկվում:
Ես անձամբ 2007 թվականին դատապարտել եմ այն սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ալժիրում ֆրանսիական գաղութատիրական քաղաքականության արդյունքում: Թուրքիան մեծ պետություն է, և այն կարևոր գործընկեր է Ֆրանսիայի համար: Ես ցանկանում եմ մեզ` որպես երկու ընկեր-դաշնակիցների, հիմնվել գիտակցության վրա: Ուզում եմ, որ Դուք իմանաք, որ այս օրինագծի առնչությամբ ձեռնարկվելիք չափից շատ խիստ քայլերը վնաս կհասցնեն երկու երկրների միջև առկա բազմակողմ հարաբերություններին, և այդ դեպքում պատասխանատվությունը կընկնի նրա ուսերին, ով ձեռնարկել է այդ քայլերը», – գրել է Սարկոզին:
Հիշեցնենք, որ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին: Միևնույն օրինագիծը կքննարկվի նաև Սենատում հունվարի 23-ին: Նախօրեին Սենատի օրենքների պատրաստման հանձնաժողովը դեմ է հանդես եկել օրինագծին: Եթե Սենատը հետևի հանձնաողովի որոշմանը, օրինագիծը քվեարկության չի դրվի: