Home / Հայաստան / ԱԺ Ընտրական օրենսգիրքը հայերեն չէ. Խաչատրյան

ԱԺ Ընտրական օրենսգիրքը հայերեն չէ. Խաչատրյան

Հայաստանում ստեղծված իրավիճակի համար  Ազգային Ժողովը պատասխանատու է այնքան, որքան գործադիր իշխանությունը, որքան դատական իշխանությունը: Անգամ տարիներ շարունակ իշխանություններին շատ մոտ կանգնած  մի անհատ՝ Խոսրով Հարությունյանը, օրեր առաջ հեռուստաընկերություններին տված հարցազրույցում խորհրդարանը խոտան է անվանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:

Նրա խոսքով` խոտան խորհրդարանը` որպես երկրի  օրենսդիր բարձրադիր  մարմին, չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել երկրում օրենսդրական  կարգուկանոն հաստատելու համար:

«Այս խոտան ԱԺ-ի արտադրանքը ներկայիս բացահայտ խոտան ընտրական օրենսգիրքն է, որով մենք պետք  է գնանք ԱԺ համապետական ընտրությունների: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս օրենսգիրքը ստեղծված է Հանրապետական կուսակցության իշխանությունը շարունակելու համար, կարճ ասած՝ ՀՀԿ-ի ծրագրի ու  կանոնադրության հավելված», – ասել է Խաչատրյանը` նշելով, որ օրենսգիրքը շատ անգրագետ է գրված:

«Եթե կարմիր գրիչը տան հայոց լեզվի որևէ գրագետ ուսուցչի ու հանձնարարեն ստուգել այս օրենսգիրքը, չհաշված օրենսդրական խորդուբորդերը ու ականները, կփաստեն, որ սա հայերեն գրված օրենսգիրք չէ», – հայտարարել է Խաչատրյանը:

Նա խորհուրդ է տվել փոփոխության ենթարկել այն` հիշեցնելով, որ  դրա համար դեռևս ժամանակ կա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձել է, որ ընտրական օրենսգիրքը խոտան անվանելը նախընտրական շոու ծրագրեր են:

Ըստ նրա` երբ օրենսգիրքը ստեղծվում էր, ոչ ոք չմասնակցեց ու չբարձրացրեց այս հարցը: