Բուզանդ, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը, որոնք արդեն հինգ օրը է` բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի մոտ, որևէ պատասխան չստանալով, այսօր որոշել են գնալ և, իրենց խոսքով, գրավել Սարյանի փողոցի վրա նորակառույց 10-հարկանի այն շենքը, որտեղ իրենցից շատերը ունեն բնակարաններ: Բնակիչները փորձել են մտնել շենքի բակ, սակայն շենքը շրջապատող դարպասները կողպված են եղել: Ներսում աշխատող պահակներն ասել են, որ իրենք չեն փակել դռները, սակայն հրաժարվել են բացել դրանք:
Բնակիչները ստիպված իրենց ակցիան անցկացրել են շենքի մոտ:
«Այս շենքը կառուցվել է 2004թ.: Եվ միայն 2007թ. շենքի տակի հողը սեփականաշնորհել է քաղաքապետարանի ավագանու անդամ Անդրանիկ Խալոյանը: Իսկ այդ ընթացքում շենքի 50 բնակիչները իրենց բնակարաններում աշխատանքները կատարել էին: Այսինքն` սա ռեկետ է»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է բնակիչներից Սոնա Մաղաքյանը:
Նրա խոսքով` հենց այդ առաջին հողի վաճառքն է սկիզբ դրել հետագա օրինախախտումների. «Գագիկ Պապոյանն այս Սարյանի շենքի 50 ընտանիքներից վախենալով է Եկմալյան, Արամի փողոցի բնակարանները վաճառել նաև այս Սարյան շենքի բնակիչների վրա, ստացվել է, որ միևնույն բնակարանի սեփականության պայմանագրեր ունեն մի քանի բնակիչներ միաժամանակ»,- ասել է Սոնա Մաղաքյանը:
Ի դեպ, շենքի բնակիչները Epress.am-ի հետ զրույցում հայտնել են, որ պատահական չեն համարում երեկ իրենց շենքի տակի հողը սեփականաշհնորհած Անդրանիկ Խալոյանի փեսա «Նեպտունի Համիկի» ձերբակալությունը: Ըստ նրանց` եթե ճնշման ենթարկվեն իրենց իրավունքները խախտած այլ մեծահարուստներ ևս, իրենց խնդիրը կլուծվի:
Բնակչները պատմում են, որ իրենց երեկ ընդունել է Ֆինանսների փոխնախարար Հայկ Դավթյանը, ում հանձնարարված է զբաղվել այս բնակիչների խնդիրների լուծմամբ: Հայկ Դավթյանը բոլորից պահանջել է իրեն ներկայացնել գործերին առնչվող փաստաթղթերը: Փաստաթղթերի ուսումնասիրության փուլից հետո նա խոստացել է հայտնել, թե խաբեության զոհ դարձած քաղաքացիների խնդրի լուծման ամենաշահավետ ճանապարհը որն է: