Home / Հայաստան / ՀՀ ՊՆ-ն զարմացած է. պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

ՀՀ ՊՆ-ն զարմացած է. պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հունվարի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ զինվորական դատախազի կողմից ներկայացրած 2011թ. Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վիճակագրության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զարմանք է առաջացնում, ասված է այսօր ՀՀ ՊՆ-ի կողմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«2011թ. Զինված ուժերում գրանցված մահվան ելքով 36 դեպքերը զինվորական ծառայության անցնելու հետ կապված դեպքերն են, որոնց վերաբերյալ պատշաճ ժամկետներում հանրությունը տեղեկացվել է: Այստեղ հարկ է նշել, որ եթե որևէ զինծառայող ավտովթարի է ենթարկվում արձակուրդի ընթացքում կամ հանկարծամահ լինում, ապա աշխարհի որևէ երկրում այդ մասին պաշտպանական գերատեսչությունը մամլո հաղորդագրություններ չի տարածում: Կամ եթե Զինված ուժերի որևէ զորամասում արտակարգ պատահար լինելուց մի քանի րոպե հետո որևէ լրատվամիջոց կարող է չճշտված տեղեկատվություն տարածել, ապա պաշտպանության նախարարությունը այդ տեղեկատվությունը տարածում է նախնական տվյալները ճշգրտելուց հետո միայն, ինչը թերևս հիմք է հանդիսացել իրավապաշտպան այդ կազմակերպությանը կարծելու, թե պաշտպանության նախարարությունը որոշ դեպքերում տեղեկատվության սկզբնաղբյուր չէ հանդիսացել:

Ինչ վերաբերում է այդ կազմակերպության հնչեցրած 39 մահվան դեպքերին, ապա այդ թիվը ստացվել է դասակարգման սեփական չափորոշիցներից ելնելով, որի պատասխանատվությունը կրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը», – նշում են հաղորդագրության հեղինակները: