Home / Հայաստան / Հայաստանի պատճառով Մոլդովան կարող է զրկվել Ադրբեջանի հետ գործարքից

Հայաստանի պատճառով Մոլդովան կարող է զրկվել Ադրբեջանի հետ գործարքից

Մոլդովան մտադիր է դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների ներմուծման աղբյուրները և Ադրբեջանից բնական գազ գնել Կասպից ծովի ավազանից դեպի Եվրոպա գազի փոխադրման միջազգային ծրագրերի շրջանակներում: Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում նման ցանկություն է հայտնել Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Մոլդովական կառավարության նախագահը Բաքու է ժամանել երեքշաբթի երեկոյան: Չորեքշաբթի նա բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասի-Զադեի հետ, հանդիպել է խորհրդարանի խոսնակ Օղտա Ասադովի հետ և հյուրընկալվել նախագահ Իլհամ Ալիևին: Բաքու կատարելիք այցի նախօրեին Վլադիմիր Ֆիլատը հայտարարել էր լրագրողներին, որ Բաքվում պայքարելու է ադրբեջանա-մոլդովական հարաբերությունների զարգացման և ամրապնդման,  տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության շրջանակների ընդլայնման համար:

«Մենք մի քանի ծրագրեր ենք նախապատրաստել, որոնք ցանկանում են իրականացնել ադրբեջանական կողմի հետ: Ես վստահ եմ, որ այս ծրագրերը երկու կողմերի շահերից են բխում և կծառայեն երկկողմանի շահույթին»,- հայտարարել է Մոլդովայի վարչապետը: Խոսքը տվյալ դեպքում Nabucco և AGRI նախագծերի մասին է:

Վլադիմիր Ֆիլատի խոսքով` այս թեմայով զրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2011 թվականի սեպտեմբրի 30-ին Վարշավայում` «Արևելյան համագործակցություն» գագաթաժողովի շրջանակներում:

Սակայն Քիշնևի չմտածված գործողությունները` Հայաստանի հետ նախորդ տարի կնքած համաձայնագիրը զինամթերքի և հրթիռային համակարգերի վաճառքի մասին, Բաքվի դժգոհությունն էր առաջ բերել, գրում է թերթը:

«Ադրբեջանի համար, որի տարածքները չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի, արդեն 18 տարի է բռնազավթել են Հայաստանի զինված ուժերը, Երևանին զենք վաճառելու հանգամանքը, հատկապես այն երկրից, որը ԳՈՒԱՄ-ի անդամ է և ինքն էլ անձամբ է կրում անջատողականության բեռը, տհաճ փաստ է»,-այն ժամանակ իրավիճակը մեկնաբանել էր Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

Քիշնևի համար այս տհաճ թեման միանշանակ քննարկվել է մոլդովական վարչապետի այցի ընթացքում, առավել ևս, որ Քիշնևում հաճախ բարձարաձայնում են Հայաստանի հետ պայմանագիրն ամբողջ ծավալներով ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին:  Նախորդ աշնանը Մոլդովայի Պաշտպանության նախարարությունը Հայաստանին 60 տոննա զինամթերք էր փոխանցել: Համաձայնագրի մեջ ներառված ևս 40 տոննա զենքը դեռևս պահվում է մոլդովական պահեստներում:

Հաշվի առնելով այս հանգամանքները` կարելի է պատկերացնել Ֆիլատի կաշկանդվածության աստիճանը, երբ նա առաջարկում էր Բաքվին էներգառեսուրսների ներմուծման դիվերսիֆիկացման ծրագիր իրականացնել և ադրբեջանական գազ գնել, եզրակացնում է թերթը: