Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի ունեցած գազի պայթունից տուժած Խաչատրյանների ընտանիքի չորս անդամներն այժմ գտնվում են Մարտունի քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է «Մարտունի» բժշկական կենտրոնի տնօրեն Եղիշե Հարեյանը:
«Այս պահին վիրահատվում է ընտանիքի հայրը՝ 47-ամյա Վանիկը, ում մոտ հայտնաբերվել էր ոտքի բազմաբեկորային բաց կոտրվածք, իսկ 44-ամյա մոր՝ Սոնայի, աղջկա՝ 21-ամյա Նուշիկի վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր: Տղայի՝ 26-ամյա Նարեկի վիճակը բնութագրվում է միջին ծանրության:
Մայրը, աղջիկն ու տղան ստացել են 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ», – տեղեկացրել է Հարեյանը:
Տնօրենի խոսքով՝ մինչ այժմ տուժածների մոտ վիճակի վատացում չի եղել, հետևաբար բուժումը շարունակվելու է իրենց կենտրոնում:
«Առավոտյան պարզ կդառնա, տուժածները կտեղափոխվեն Երևան, թե՝ ոչ: Ամեն ինչ կախված է ինքնազգացողությունների հետագա զարգացումից: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ բարդություններից խուսափելու համար և քանի դեռ ամեն ինչ կայուն է, տուժածները կմնան մեր կենտրոնում: Հարազատները նույնպես չեն շտապում նրանց Երևան տեղափոխել», – նշել է Հարեյանը: