Home / Հայաստան / Նազարյանի գործով դատերի մասնակիցները հրաժարվում են այցելել իջևանյան նիստերը

Նազարյանի գործով դատերի մասնակիցները հրաժարվում են այցելել իջևանյան նիստերը

Դատավոր Սամվել Մարդանյանի հունվարի 18-ի որոշումը, համաձայն որի 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության արտագնա նիստն ընդհատվել և վերանշանակել է Իջևան քաղաքում, կամայական է, դատավորը չի հարցրել դատավարության մասնակիցների կարծիքը: Այս մասին ասված է Արտակ Նազարյանի ներկայացուցիչների, ինչպես նաև ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի պաշտպանների համատեղ հայտարարության մեջ, որի հեղինակները որպես բողոքի արտահայտություն հրաժարվում են մասնակցել Իջևանում նշանակված հունվարի 24-ի նիստին և պահանջում են գործի քննությունը Երևանում շարունակելու մասին նոր որոշում: Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Ինքնասպանությունը լեյտենանտի մահվան պաշտոնական վարկածն է, մինչդեռ Նազարյանի ներկայացուցիչները պնդում են, որ տեղի է ունեցել սպանություն:

«Դատավոր Սամվել Մարդանյանը գործով դատավարության արտագնա նիստերը Երևան քաղաքում գումարելու մասին որոշումը կայացրել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 21-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ, որը պաշտպանության էր արժանացել դատավարության բոլոր մասնակիցների կողմից՝  ելնելով  քրեական գործի արդար դատական քննության շահերից և այն փաստից, որ դատավարության մասնակիցների գերակշիռ մասը բնակվում են Երևան քաղաքում կամ  մոտակա շրջաններում, այդ թվում՝  տուժողի իրավահաջորդը, նրա երեք ներկայացուցիչները, դատախազը, ամբաստանյալների չորս փաստաբանները: Ամբաստանյալներից մեկը զինծառայության է Երևանում, մնացած չորս ամբաստանյալները գտնվում են Երևանի  քննչական մեկուսարանում, մինչդեռ Տավուշի մարզում են միայն դատավորը և չորս վկաներ:

Երեւանում անցկացվող  վերջին դատական նիստերի ընթացքում, ինչպես նաև արտադատարանական կարգով, դատախազ Հարություն Հարությունյանը ակնարկում  էր, իսկ դատավոր Մարդանյանը տարբեր առիթներով մտադրություն էր հայտնում նիստերը նորից Տավուշի մարզում  անցկացնելու մասին հատկապես այն ժամանակ, երբ սահմանափակում էր պաշտպանների կողմից վկաներին առաջադրված հարցերը, երբ կողմերը բացարկի և ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում մեղադրանքը պաշտպանող դատախազին և նիստը նախագահող դատավորին», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք ընդգծում են, որ Մարդանյանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, թե «արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում, որի հետևանքով դրսևորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին» և այն հանգամանքով, որ վկաների մեծ մասը բնակվում են Տավուշի մարզում:

Հայտարարության հեղինակները վստահություն են հայտնում, որ հասարակական կարգի պահպանումը դժվար է ապահովել ավելի լավ, քան Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի զրահապատ և անվտանգությունը խստորեն ապահոված դահլիճում, որտեղ անցկացվում էին սույն գործով արտագնա նիստերը: Բացի այդ, Երեւանի պայմաններում ավելի հեշտ է արագորեն լրացուցիչ ուժեր ներգրավել՝ կարգը պահպանելու համար: Մինչդեռ Իջևանի դահլիճում, որտեղ չկա զրահապատ ապակի, ոչ մի երաշխիք չկա, որ տիրող մթնոլորտը և միջադեպերը լսարանից չեն հաղորդվի նաև դատավարության մասնակիցներին և է՛լ ավելի մեծ խոչընդոտ հանդիսանան դատավարության բնականոն ընթացքի համար:

«Դատավոր Սամվել Մարդանյանի հունվարի 18-ի որոշումը գնահատում ենք որպես դատախազության կողմից ուղղորդված կամայականություն՝ գործի անաչառ քննության և օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու դեմ՝ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու, գործը հանրության և լրատվամիջոցների ուշադրությունից շեղելու և զինդատախազության ներկայացրած շինծու մեղադրանքի տրամաբանությամբ տանելու նպատակով՝ այն պահին, երբ ակնհայտորեն կոտրվում էր ներկայացված մեղադրանքի մեջքը», – ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ փաստում ենք, որ նիստերի անցկացման վայրը չի կարող կաշկանդող հանգամանք դառնալ դատավարության մասնակիցների համար՝ իրենց դատավարական իրավունքներն իրականացնելու՝ ճշմարտությունը բացահայտելու և արդարադատության հասնելու նպատակով: Որպես արդարադատություն իրականացնող մարմին, դատավոր Մարդանյանը պետք է իմանար, որ հանգամանալից և անաչառ դատաքննության հասնելու ճանապարհ չէ նիստերը Երեւանից հեռացնելը», – նշում են հայտարարության հեղինակները: