Home / Հայաստան / Վթարի օրը կապիտանի 25-ամյա ընկերուհին Concordia-ի վրա նշում էր իր ծնունդը (ՖՈՏՈ)

Վթարի օրը կապիտանի 25-ամյա ընկերուհին Concordia-ի վրա նշում էր իր ծնունդը (ՖՈՏՈ)

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել այն կնոջ անունը, հանուն որի, վարկածներից մեկի համաձայն, վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն նավը տարել էր դեպի ժայռաբեկորներ` ցանկանալով ցույց տալ նրան ափերը: Նավի սեփականատիրոջ ընկերության աշխատակցուհին` ծագումով մոլդովացի 25-ամյա Դոմինիկա Չեմորտանը, այժմ որոնվում է Գրոսետո քաղաքի դատախազության կողմից որպես գլխավոր վկա, սակայն նրա գտնվելու վայրը դեռևս անհայտ է:

«Վեստի» հեռուստաալիքի տվյալներով` հետաքննությունը տվյալներ ունի այն մասին, որ ողբերգությունից որոշ ժամանակ առաջ աղջիկը կապիտանի նավախցում է եղել:

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Դոմինիկա Չեմորտանը զբոսանավում իր ծննդյան տոնն էր նշում և կապիտանի ընկերակցությունն էր վայելում ողջ երեկո` մինչ վթարը և վթարի առաջին րոպեներին: Մի քանի օր առաջ մոլդովական հեռուստաալիքին տված հարցազրույցում աղջիկը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել Սկետինոյին դատարանում:

«Վթարից հետո ես բարձրացա տախտակամածի վրա և կապիտանի հետ էի: Ես խոսում եմ 5 լեզուներով, այդ իսկ պատճառով կարող էի օգնել թարգմանել լուրերը և ուղևորների համար հայտարարություն անել: Ինչ վերաբերում է կապիտանի պահվածքին, ով, իբր թե առաջիններից մեկն էր, ով  լքել է զբոսանավը, ապա դա իրականությանը չի համապատասխանում»,- լրագրողներին պատմել է Դոմինիկան: Հարցազրույցից հետո նա անհետացել է:

Ավելի վաղ ուղևորները պատմել էին լրատվամիջոցներին, որ վթարից ընդամենը կես ժամ առաջ` հունվարի 13-ի երեկոյան, կապիտան Սկետինոյին տեսել են ռեստորանում երկու աղջիկների `շիկահերի և սևահերի հետ գրկախառնված: Ականատեսների խոսքով` նա իր ուղեկցորդուհիներին ցույց էր տալիս ռեստորանից բացվող տեսարանը: Երբ նավը ամբողջ թափով հարվածել է ստորջրյա ժայռաբեկորին Սկետինոն կապիտանի նավախցում չէր, այլ ռեստորանում` իր երկու ընկերուհիների ընկերակցությամբ, վկայում են ականատեսները: