Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ Ստամբուլում հայտարարել է, որ ցնցված է 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի գործով դատարանի վճռից, որի համաձայն այդ գործով անմեղ են ճանաչել 19 կասկածյալներ, իսկ ցմահ ազատազրկման է դատապարտել միայն նրանցից մեկը` Յասին Հայալին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ստամբուլի առաջին ատյանի դատարանը անցկացրել է Դինքի գործով վերջին` 25-րդ դատական նիստը:
Համմարբերգի`«Մարդու իրավունքները Եվրոպայում» զեկույցի թուրքերեն թարգմանության քննարկման ժամանակ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարն ասել է. «Ես զարմացած էի երեքշաբթի կայացրած դատարանի որոշումից: Եվ ավելի քան զարմացած էի, երբ լսեցի, որ դատախազն ու գործով դատավորը նույնպես դժգոհ են նիստի ելքից»:
Դինքի գործով նախագահող դատավոր Ռուսթեմ Էրյիլմազը Vatan օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ թեև անձնապես չի կարող հերքել, որ շատ լավ կազմակերպված սպանություն է եղել, սակայն դատարանին ներկայացված փաստերը բավարար չէին այլ մեղադրական որոշում կայացնելու համար:
«Այդ դեպքում ինչո՞ւ փակեցին գործը: Ես զարմացած եմ, որ դատավորը կարող է նման բան ասել ու փակել գործը: Նա կարող էր ավելի շատ ժամանակ պահանջել պարզաբանումների համար», – Էրյիլմազի խոսքերն է մեկնաբանել Համմարբերգը:
Եվրոպայում Մարդու իրավունքների հարցում առկա թերությունների վերաբերյալ իր զեկույցում Համմարբերգը նշում է Դինքի անունը ի թվիս այլ լրագրողների, որոնք սպանվել են Եվրոպայում պարզապես մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: Զեկույցի համաձայն, որը հրապարակվել էր մինչ Դինքի գործով դատական վճռի կայացումը «ջանքեր չպետք է խնայվեն բացահայտելու և դատարանի առջև կանգնեցնելու համար ոչ միայն անմիջական մարդասպաններին, այլև նրանց, ովքեր պատվիրել են այդ սպանությունները»: