ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մտերիմ լինելու շնորհիվ չէ, որ ինքը մինչ օրս պաշտոնավարում է:
«Իսկ ես ինչո՞ւ պետք է պաշտոնանկ լինեմ։ Այսինքն՝ նենց վատ ա մշակույթի վիճակը, հա՞, որ ես պետք է պաշտոնա՞նկ լինեմ, այսինքն՝ ոչ մի լավ բան չի՞ կատարվում։ Մամուլով կարող է խոսվի, որովհետև ինչ-որ մարդկանց պետք է, որ իրենք այդպիսի պատկերացում ունենան։ Ես էլ հարց եմ տալիս՝ մշակույթի ոլորտը վա՞տ ա, այնպիսի վիճակ ա, որ ես… ես այդպես չեմ համարում, որովհետև ես համարում եմ, որ բազում խնդիրների հետ կողք կողքի լուրջ գործընթացներ եղան մշակույթի ոլորտում», – իր հնարավոր պաշտոնանկության մասին վերջին շրջանում տարածվող լուրերն այսպես է մեկնաբանել Պողոսյանը։
Միևնույն ժամանակ նախարարը հայտարարել է, որ իր համար պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չէ:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` մշակույթի նախարարը հայտարարել է, որ ինքը բոլոր այն կուսակցությունների կողքին է, ովքեր մշակույթի կողքին են: Սակայն միաժամանակ նշել է, որ քանի որ ինքը պաշտոնը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության քվոտայով, բնականաբար, պատասխանատվություն ունի այդ կուսակցության առջև։