Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը շաբաթ և կիրակի օրերին երկու ոչ-ոքի խաղաց Վեյկ-ան-Զեեում անցնող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարում:
Շաբաթ օրը նա սևերով միավորը բաժանեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, իսկ կիրակի դարձյալ սևերով` բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:
Արոնյանի կորուստները հնարավորություն տվեցին նորվեգացի Մագնուս Կառլսենին կրկին հավասարվել հայաստանցի գրոսմայստերին: Կառլսենը շաբաթ օրը սպիտակներով հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ կիրակի սևերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Վերջինս կես միավորով հետ է մնում Արոնյանից և Կառլսենից, ովքեր վաստակել են 5,5 միավոր: Մրցաշարի ավարտին 5 տուր է մնացել, և հաղթողի կոչման համար պայքարում են հենց այս երեք շախմատիստները: Տվյալ պայքարում վճռական կարող է լինել վերջին տուրի պարտիան, երբ Արոնյանը սպիտակներով մրցելու է Ռաջաբովի հետ:
Այսօր մրցաշարում ազատ օր է, իսկ վաղը Արոնյանը սպիտակներով խաղալու է իտալացի Ֆաբիանո Կառուանայի, Կառլսենը նույնպես սպիտակներով` ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, իսկ Ռաջաբովը սևերով` ամերիկացի Գատա Կամսկիի հետ:
Լուսանկարը` www.fredlucas.eu