Home / Հայաստան / Իրանում պատերազմի դեպքում Ռուսաստանը Ջավախքով կմտնի Հայաստան

Իրանում պատերազմի դեպքում Ռուսաստանը Ջավախքով կմտնի Հայաստան

Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Վրաստանի ուսերին կդրվի նյութատեխնիկական ապահովման գործառույթը, այդ թվում` օդանավակայանների և հիվանդանոցների օգտագործմամբ, ինչը հղի է Ռուսաստանի ներխուժմամբ: Թբիլիսյան «Ռեզոնանսի» պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:

Նրա խոսքով` Ռուսաստանը անպայմանորեն կցանկանա իր ուժը ցուցադրել Հարավային Կովկասի տարածքում, և Գյումրիի ռազմակայանում տեղակայված զորքերի հետ անքակտելի կապ ապահովեկլու համար, հավանաբար, ցամաքային ռազմական գործողություններ կիրականացնի:

«Ըստ ամենայնի, ռուսաստանյան զինվորականներն այժմ նախապատրաստվում են: Սեպտեմբերին ցամաքային «Կովկաս-2012» զորավարժություններն են նախատեսված, և մինչ այդ տարածաշրջանում տեղակայված ռուսաստանյան 149-րդ և153-րդ զորքերը պետք է ռազմական պատրաստականության մեջ գտնվեն: Հնարավոր  է, որ 2012-ի զորավարժությունները ընդամենը դիմակ են, և այս երկու բանակներն էլ արդեն ամբողջովին մարտական պատրաստականության վիճակի են բերված: Ամեն դեպքում փաստ է, որ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայաններից հեռացվել են ավելորդ զինվորականները, ինչպես նաև սպաների ընտանիքները »,-ասել է փորձագետը:

Արեշիձեն կարծում է, որ ռուսաստանյան զորքերը կփորձեն Հարավային Օսիայից Բորժոմիի տարածքով մինչև հայաբնակ Ջավախքի շրջան միջանցք բացել: «Այս ամենը արվելու է մինչև Գյումրի տրանսպորտային միջանցք ստեղծելու համար»,- եզրափակել է Արեշիձեն: