2012 թվականի խորհրդարանական ընտրություններին կեղծիքների թիվը կպակասի, քանի որ ԶԼՄ-ների քանակի աճը կբերի նաև ընտրությունների ընթացքի ավելի լայն լուսաբանման:
Այսօր լրագրողների հետ հանիդպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
«Անցնող 4 տարիներին հայաստանյան մակարդակով սոցիալական ցանցերի և ինտերնետի բում եղավ: Եվ այսօր այդ գործիքն այլ նշանակություն ունի, քան 4 տարի առաջ», – ասել է Ավետիքյանը` ընդգծելով, որ այսօր սոցիալական ցանցերի օգտատերերը նույնպես կարող են դառնալ լրատվամիջոց:
Հանդիպման մեկ այլ մասնակից «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը չի համաձայնել Ավետիքյանի հետ` կարծիք հայտնելով, որ այսօր կարևոր է որակը, ոչ թե քանակը:
«Իշխանական թևի կողմից ԶԼՄ-ների մոնոպոլիզացիա է տեղի ունենում: Ընդունված է ասել, որ դրանք օլիգարխների լրատվամիջոցներն են, բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետև նույն օլիգարխները պատկանում են ավելի բարձր անձի, և այդ ավելի բարձր անձն արդեն տիրում է այդ դաշտում», – ասել է Մովսիսյանը` չմասնավորեցնելով, թե ում նկատի ունի:
Վերջինս նշել է, որ այսօր մի փոքր Հայաստանում գործում է մոտ 970 կայք, 46 հեռուստակայան, 210-212 թերթ, սակայն այս ամբողջ դաշտում, ըստ Մովսիսյանի, ոչ մեկն էլ չի կարողանում աշխատել:
«Եթե մենք ուսումնասիրենք նույն circle.am-ի (հայաստանյան կայքերի վարկանշային համակարգ) տվյալները, այնտեղից արդեն կայքերի վերաբերյալ պատկերն արտացոլվում է, ոնց որ հայելու մեջ: Առաջին 12-13 տեղը դա հստակ որոշված տեղեր են, որոնք պետք է թելադրեն իրենց մտածելակերպը: Եթե այն ամենը, ինչ կատարվում է այդտեղ, մրցակցություն ենք համարում, ուրեմն էս երկիրն ընդհանրապես լրատվամիջոց չունի: Որովհետև էլեմենտար թվաբանությամբ կարելի է համոզվել նրանում, որ այդտեղից բոլոր տվյալները խեղաթյուրված են, խառնած են: Այդ խառնաշփոթի մեջ շահում է մի հոգի, և մենք բոլորս գիտենք` էդ ովա (կրկին չի նշում անունը-խմբ.): Եվ էդ մի հոգին, այդ նույն 12-13 առաջատար լրատվամիջոցներով թելադրելու է` այս դաշտում ինչ է կատարվելու ընտրությունների օրերին», – ասել է «Ա1+»-ի տնօրենը:
Նա նշել է, որ այդ դաշտում կատարվում է խեղաթյուրված տվյալների հոսք: Բացի դա, գովազդի գների դեմփինգ է տեղի ունենում, որի շնորհիվ մնացած լրատվամիջոցներին խեղդում են:
Դա հնարավոր է միայն կայուն ֆինանսական հոսք ունենալու դեպքում, նշել է Մովսիսյանը: