Home / Հայաստան / Նախագահի երկու թեկնածուներին հանում են մրցավազքից, որ Պուտինը հաղթի առաջին փուլում. «Կոմերսանտ»

Նախագահի երկու թեկնածուներին հանում են մրցավազքից, որ Պուտինը հաղթի առաջին փուլում. «Կոմերսանտ»

ՌԴ նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածուներ Դմիտրի Մեզենցևը և Գրիգորի Յավլինսկին մարտի 4-ին չեն մասնակցի նախագահական ընտրություններին, վստահեցնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  երկուսի փաստաթղթերում էլ չափից շատ կեղծ ստորագրություններ է հայտնաբերել, և այժմ քաղաքական գործիչները դուրս կմղվեն նախընտրական մրցարշավից: Եթե Յավլինսկին և Մեզենցևը իսկապես պատրաստվում են հանել իրենց թեկնածությունները, ապա դա, ըստ ամենայնի, Պուտինի համար առաջին իսկ փուլում հաղթանակ ապահովելու նպատակ ունի, բացատրում են քաղաքական գործիչները:

«ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն` թեկնածուն պետք է ԿԸՀ-ին իր օգտին քվեարկելու պատրաստ առնվազն երկու միլիոն ստորագրություն ներկայացնի, բայց և ոչ ավելի քան 2,1 միլիոն: Ընտրական հանձնաժողովի մասնագետները ստուգում են ներկայացված փաստաթղթերի 20 %-ը, և եթե ստորագրահավաքի մասնակիցների ցուցակների կեղծ ստորագրությունները չեն գերազանցում ընդհանուր թվի 5%-ը, թեկնածուին թույլ են տալիս մասնակցել ընտրություններին:

Ստորագրահավաքի փաստաթղթերի ստուգմամբ զբաղվող մասնագետների խումբը ավարտել է աշխատանքը, և դրանց արդյունքները այնքան էլ սփոփիչ չեն Իրկուտսկի  նահանգապետ Մեզենցևի և «Յաբլոկոյի» առաջնորդ Յավլինսկու համար, գրում է «Կոմերսանտը»:

Միլիարդատեր Պրոխորովի բախտը բերել է. նրա փաստաթղթերում խոտանը չի գերազանցել անհրաժեշտ ցուցանիշը, և շուտով նա կգրանցվի որպես թեկնածու:

«Մենք ԿԸՀ-ից նույնպես լսել ենք ստորագրությունների որակի մասին,-պարբերականի հետ զրույցում հաստատել է Պրոխորովի ներկայացուցիչը: – Բայց մենք վստահ էինք մեր ստորագրությունների որակի մեջ հենց սկզբից, որովհետև դրանք կրկնակի ստուգում են անցել ԿԸՀ ներկայացվելուց առաջ: