Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր հերթական նիստում «Քեթրին գրուպ» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամի չափով:
Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գործող ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը:
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռևս նախորդ տարի մայիսին, ուսումնասիրելով տվյալ ոլորտում գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը` Հանձնաժողովը պարզել է, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ:
Դրա հիման վրա Հանձնաժողովը որոշել է սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են Հանձնաժողով. Քննարկման արդյունքում նրանք համաձայնել են, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:
Շարունակվող մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը որոշ խմբաքանակներ 7000-ի փոխարեն իրացրել է 7600 դրամ գնով: Այս առնչությամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունից պահանջել է հիմնավորումներ` գնային փոփոխության վերաբերյալ: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները («Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ), գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել:
Ըստ «Քեթրին գրուպ»-ից ստացված պարզաբանումների` տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաև գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն նշվածներից և որևէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի դա, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:Ընկերության նման գործելաոճը Հանձնաժողովը որակել է գերիշխող դիրքի չարաշահում և առաջարկել է տուգանել 20 մլն. դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ խախտման տևողությունը փոքր է եղել, բացի դա խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է:
Հաշվի առնելով, որ ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, բացի դա խախտումն արդեն իսկ վերացված է, Հանձնաժողովի անդամները որոշել են վերանայել առաջարկվող տուգանքի չափը և կիսով չափ կրճատել են այն: