Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարի 9-րդ տուրում իր գերազանց ելույթները շարունակեց հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային՝ հիանալի վերջնախաղ անցկացնելով:
Հաղթանակը կրկնակի կարևոր էր, քանի որ Արոնյանի հետ առաջին տեղը կիսոց նորվեգացի Մագնուս Կառլսենը սպիտակներով անսպասելիորեն զիջեց Սերգեյ Կարյակինին:
Այժմ Արոնյանը, 9 հնարավորից 6,5 միավոր վաստակելով, միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նրանից 1 միավորով հետ են մնում Կառլսենը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը և ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:
Վաղը Լևոն Արոնյանը սևերով կմրցի Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ: