Home / Հայաստան / Հեռուստառադիոպետկոմիտեի նախկին նախագահին ձերբակալել են

Հեռուստառադիոպետկոմիտեի նախկին նախագահին ձերբակալել են

Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը կալանավորված է հունվարի 14-ից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Վատնում կամ յուրացում» հոդվածով։

Թերթը նշում է, որ նախաքննությունն ընթացքի մեջ է, և քննիչներն ամեն գնով պահպանում են քննության գաղտնիությունը: Այնուամենայնիվ, «Հրապարակի» տեղեկություններով, խոսք է գնում առանձնապես խոշոր չափերի գումարի մասին։

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որն այժմ հետախուզման մեջ է։

Թերթը ներկայացնում է ձերբակալության համար պատճառ դարձած պատմությունը:  Տարիներ առաջ Հակոբյանն ու Մուսինյանը բիզնես գործունեություն են ծավալել` Լոռու մարզում անասնապահական և գյուղատնտեսական ֆերմա ստեղծելով, իսկ Գոռ անունով ռուսաստանաբնակ գործարարը ֆինանսավորել էր այն։ Ընկերության տնօրենը եղել է Հակոբյանը, բիզնեսն անհաջող ընթացք է ունեցել, և ի վերջո գործարարը դիմել է դատախազություն՝  հաղորդում ներկայացնելով 500 հազար դոլարից ավելի գումարի յուրացման կամ վատնման մասին։ Թերթի տեղեկություններով` Տիգրան Հակոբյանին մեղսագրվող գումարը նշվածի 10 տոկոսից պակաս մասն է, մնացած գումարը մեղսագրվում է Վահան Մուսինյանին։

«Հրապարակը» նաև գրում է, որ Տիգրան Հակոբյանի մտերիմներն ամեն ինչ անում են նրան կալանքից ազատելու համար և պատրաստ են անգամ նրան մեղսագրվող գումարը վերականգնել։

Թերթը նշում է, որ Տիգրան Հակոբյանն անցած տարեվերջին նշանակվել է «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի տնօրեն, որը կազմավորվել էր Ծաղկունքի դպրոցի հիման վրա` կառավարության որոշմամբ, դրամաշնորհային ծրագրի արդյունքում։